«Նովոստի Արմենիի» միջազգային մամուլի կենտրոնում չորեքշաբթի անցկացվել է սննդի արդյունաբերության ոլորտում «Ժողովրդական ապրանքանիշ N1 Հայաստանում» առաջին մրցույթի պարգևատրման արարողությունը։
«Ժողովրդական ապրանքանիշ N1» մրցույթում այս կամ այն ապրանքանիշի օգտին քվեարկում է սպառողը։ Դրա նպատակն է օժանդակել տեղական արտադրողներին և բացահայտել, հայ սպառողների կարծիքով, լավագույն ապրանքանիշը սննդի արդյունաբերությունում։
Քվեարկությունն անցկացվել է հոկտեմբերի 10-31-ը՝ Armproduct.am կայքում։
Քվեարկության արդյունքներով՝ «Թթվասեր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Աշտարակ-կաթ» ընկերության («Աշտարակ-Կաթ» ՓԲԸ) կողմից արտադրված թթվասերը՝ ձայների 19.2%։
«Սպառողներն իրենք են մուտքագրել այս կամ այն ապրանքանիշի անվանումը, մենք որևէ տարբերակ չենք առաջարկել»,- մամուլի ասուլիսում ասել է «Սպառողների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Միրզոյանը։
Միրզոյանն ընդգծեց նաև, որ անվանակարգերի ընտրությունը կատարվել է՝ ելնելով պարենային այս կամ այն ապրանքախմբի արտահանման ներուժից։
«Մրցույթի երկրորդ փուլի շրջանակներում անցկացվել է խորհրդատվություն Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանն առընթեր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների հետ։ Արդյունքում ժողովրդական քվեարկության բոլոր մասնակիցներին շնորհվել են մրցանակներ»,- ասաց նա։
Մրցանակը՝ «Ժողովրդական ապրանքանիշ №1» գրությամբ, յուրահատուկ տարբերանշանն է, որն արտադրողը կարող է օգտագործել իր գովազդային արշավներում կամ տեղադրել ապրանքի փաթեթավորման վրա երկու տարվա ընթացքում։
Քվեարկության կազմակերպիչներն են «Սպառողների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Armproduct.am կայքը։








































