ԱՄՆ իշխանությունները հայտնաբերել են Իրաքում ամերիկյան զորքերի վրա հարձակմանը մասնակցած 2 անձի, որոնք ԱՄՆ-ում հայտնվել են որպես փախստականներ: Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով` նրանցից մեկին հաջողվել է հայտնաբերել մատնահետքերի շնորհիվ, որոնք նա թողել է ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների վրա, որը ամերիկացի սակրավորները վնասազերծել են Իրաքում:
Վկայակոչելով ՀԴԲ-ին`հեռուստաալիքը նշում է, որ փախստականների անվան տակ երկիր կարող են ներթափանցած լինել տասնյակ ահաբեկիչներ: ԱՄՆ-ում միայն իրաքցի փախստականների թիվը ավելի քան 70 հազար է:
Վերոնշյալ 2 գրոհայինները Վաադ Ռամադան Ալուանը և Մոհանադ Շարիֆ Համադին են, որոնք ձերբակալվել են Կենտուկի նահանգում դեռևս 2009-ին, ապա դատապարտվել: Նրանցից մեկը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման, մյուսը` ցմահ: Նրանց դեմ որպես ապացույց են «ծառայել» իրենց պնդումները «Ալ-Քաիդա» խմբավորմանը պատկանելու և ամերիկացիների հետ հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ, որոնք ձայնագրել է ՀԴԲ-ի կողմից ուղարկված, այսպես ասած, սադրիչը:











































