«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ, «Արևելյան գործընկերության» քաղաքացիական ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը:
– Պարոն Նավասարդյան, այս օրերին կարծիք է հնչում, որ թե՛ Ուկրաինայի, թե՛ Հայաստանի՝ ԵՄ Ասոցացման պայմանագիրը մերժելը մեծ դաս կլինի Եվրամիության համար: Մյուս կողմից, տարբեր միջազգային փորձագետներ նշում են, որ ԵՄ-ին Ուկրաինայի և Հայաստանի չանդամակցելու դեպքում առհասարակ կասկածի տակ է դրվում «Արևելյան գործընկերության» հետագա ճակատագիրը: Ունե՞ք արդյոք հետագայում ԱԳ-ի կասեցման հետ կապված մտավախություններ:
– Ցավոք, այդպես է, քանի որ Եվրամիության անդամ շատ երկրներ ի սկզբանե ոգևորված չէին եվրոպական՝ արևելյան ուղղությամբ դիվանագիտությունից, և անհրաժեշտ էր այդ դիվանագիտության շատ մեծ և երևացող նվաճումը, որպեսզի Եվրամիության բոլոր երկրները համոզվեին, որ արժեր այդքան ջանք և եռանդ թափել: Եվ Վիլնյուսի գագաթնաժողովը հենց կարևոր էր նրանով, որ բոլորը պետք է տեսնեին «Արևելյան գործընկերության» տիրումֆը: Փաստորեն, այդ տրիումֆը չի լինելու, մանավանդ՝ եթե չի ստորագրում Ուկրաինան: Շատերի համար հենց Ուկրաինան էր այն փաստարկը, որ արժեր այս ամենով զբաղվել, քանի որ որպես մեծ երկիր, որպես մեծ տնտեսություն, բոլորի, նույնիսկ հեռավոր Պորտուգալիայի հետաքրքրություններն էր առաջացնում, և փաստորեն՝ այս ամբողջ գործընթացի մեխն էր: Եթե այս մեխը հանում ես, և նախաստորագրում է տեղի ունենում միայն Վրաստանի և Մոլդովայի հետ, բնականաբար, այդ ոգևորությունն ավարտվում է, և այն քաղաքական գործիչները, Եվրամիության այն պաշտոնյաները, որոնք կողմնակից էին «Արևելյան գործընկերության» շարունակության և թափի ընդլայնմանը, նրանց փաստարկներն ընդդիմախոսների դեմ բավականին թուլանում են: Եթե առաջ ասում էինք՝ կան երկրներ, օրինակ՝ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, որոնք գտնում են, որ եվրոպական դիվանագիտության հիմնական ուղղությունը պետք է լինի դեպի արաբական աշխարհ, դեպի հարավ, այսօր այդ երկրներին կարող է միանալ նաև այնպիսի երկիր, ինչպիսին է Գերմանիան, որը լավ գիտեք՝ ինչ կարևոր դեր է խաղում Եվրամիությունում: Եվ, իհարկե, այն միջոցները, ռեսուրսները և ժամանակը, որ տրամադրում էին եվրոպական պաշտոնյաները և քաղաքական գործիչներն «Արևելյան գործընկերությանը», այլևս այդքան շատ չեն լինելու, մանավանդ 2014-ին, երբ Եվրախորհրդարանի ընտրություններ են տեղի ունենալու, և դրանով են զբաղված լինելու, և ապա եվրոպական հանձնաժողովի նոր կազմն է ձևավորվելու: Այսինքն՝ մի շարք ներքին գործեր կան, և շատ դժվար է ակնկալել, որ «Արևելյան գործընկերությունը» այդքան մեծ աղմուկ կհանի՝ որպես աշխարհաքաղաքական պրոյեկտ:
– Իսկ Եվրոպան արդյո՞ք այս զարգացումներից՝ Հայաստանի և Ուկրաինայի հարվածներից դասեր կքաղի:
– Ինձ չի թվում՝ ինչ-որ արմատական փոփոխություններ կլինեն եվրոպական քաղաքականության մեջ, բայց ակնհայտ են որոշ միտումներ՝ սրվելու են Եվրոպական Միության և Ռուսաստանի հարաբերությունները, որովհետև եվրոպացիների համար այն միջոցները, որոնց դիմել է Ռուսաստանը այս հարաբերություններում, ընդունելի չեն: Եվ դա չի կարող անդրադարձ չունենալ: Երկրորդ՝ այնպիսի երկրների հետ, ինչպիսին հետխորհրդային երկրներն են, արագ հաջողություններ չեն լինում, ավելի համբերատար և երկարատև ծանր աշխատանք է պետք տանել:
– Կարծիք կա, որ այս ամենը կփոխվի, եթե Ռուսաստանում իշխանությունները փոխվեն, օրինակ՝ Պուտինի վարչակարգի ավարտի կամ տապալման դեպքում:
– Ճիշտն ասած՝ նախադրյալներ չեմ տեսնում, և եթե մենք փորձենք տեսնել, թե Ռուսաստանում ովքեր են հանդիսանում իրական այլընտրանք այսօրվա իշխանություններին, ապա դժվար թե այդ ալընտրանքը լինի ավելի եվրոպամետ և Եվրամիության հետ ավելի պատրաստ կառուցողական հարաբերությունների: Միևնույն ժամանակ, ես համոզված եմ, որ օբյեկտիվորեն Ռուսաստանն այլ ճանապարհ չունի և բավականին մոտ ապագայում արդեն կմիավորվի հյուսիսամերիկյան, եվրոպական շուկայի հետ: Փորձագետները նշում են մինչև 2-10 տարի, և այլևս հնարավոր չէ հետաձգել այդ բնական և օբյեկտիվ գործընթացը, բայց նորից եմ ասում՝ դա օբյեկտիվ զարգացումների հետևանք է, ոչ թե՝ իշխանությունների փոփոխության: Ռուսաստանի իշխանություններն ամեն դեպքում ներկայացնում են այնպիսի երկիր, որը չի կարող թեթևամիտ մոտենալ իր զարգացումներին: Եթե կա օբյեկտիվ պահանջ, անկախ նրանից՝ ով կլինի իշխանության ղեկին, այդ պահանջը կիրականացնի, այլ տարբերակ արդեն չկա:
– Օրերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առաջարկեց մեր գործնական, աշխատանքային լեզուն ռուսերենը դարձնել, բնականաբար՝ պաշտոնականը թողնելով հայերենը: Կարո՞ղ ենք արձանագրել, որ հենց այդտեղից էլ սկսում ենք սուվերենությունը կորցնել:
– Այո, սա ուղղություններից մեկն է, որտեղ մենք զիջում ենք մեր ինքնիշխանությունը: Դա վերաբերում է և՛ օրենսդրական դաշտին, և՛ առևտրատնտեսական հարաբերություններին, և՛ լեզվին: Եվ առայժմ դեռ որևէ բան չստորագրելով, ՄՄ-ին չմիացած՝ արդեն այդ զիջումներին գնում ենք: Եվրամիության հետ մեր հարաբերությունների, և՛ Ռուսաստանի հետ հարաբերությունների տարբերությունը կայանում է նրանում, որ այնտեղ սկզբից պայմանավորվում ենք, համաձայնում ենք, հետո՝ սկսում աշխատել: Այստեղ մենք ամեն ինչ անում ենք, հետո պատրաստ մատուցում ենք ժողովրդին: Եվ ոչ մի քննարկում, ոչ մի երևացող թափանցիկ բանակցություններ, ո՛չ հասարակության հետ շփում, ո՛չ քաղաքացիական հասարակությանն հետ կառուցվածքային երկխոսություն, ինչպես կար «Արևելյան գործընկերության» դեպքում, տեղի չի ունենում:
– Պարոն Նավասարդյան, կարո՞ղ ենք արդյոք փաստել, որ ինչպես Ռուսաստանում, մեզ մոտ էլ այլընտրանք չկա:
– Իհարկե՝ այլընտրանք չկա, և երբ ես ասում եմ, որ չպետք է այսօր կենտրոնանալ Մաքսային միության դեմ պայքարելուն, պետք է պայքարել եվրաինտեգրացիոն գործընթացների շարունակման համար, և որպեսզի չլինի մեր ինքնիշխանությանը վնասող ՄՄ կամ դրան նման մի բան, պետք է լինի այլընտրանքային ինտեգրացիոն գործընթաց: Հայաստանի դեպքում «ոչ… ոչ…» բանաձևը չի աշխատում, մենք չենք կարող դուրս մնալ բոլոր ինտեգրացիոն մոդելներից և գործընթացներից: Եվ եթե մեկը մեզ համար վնաս է, ուրեմն պետք է աշխատենք մյուսի վրա, և պետք է ոչ թե բացառենք ՄՄ-ն, այլ ուժեղացնենք եվրաինտեգրացիոն գործընթացները, և ՄՄ-ի հարցը դրանով ինքնաբերաբար կլուծվի: Գտնում եմ՝ երկրի զարգացման, երկրի ինքիշխանության պահպանման համար, մենք, այո, այլընտրանք չունենք, ուղղակի խնդիրն այն է՝ երբ ենք մենք դա գիտակցում և երբ ենք այդ ճանապարհով հստակ գնում: Մենք կարող էինք այդ ճանապահով գնալ հիմա, բայց մենք փաստորեն հիմա չենք գնում և կախված ենք մնում այն տեմպերից և այն որոշումներից, որոնք կընդունվեն Ռուսաստանում, կուզենա՞նք՝ ութ կամ յոթ տարի հետո… Մենք էլ ստիպված սպասելու ենք, և այն առավելությունները, որոնք կարող էինք ունենալ արագ առաջ ընկնելով այդ հարաբերություններում ինգտեգրացիոն գործընթացներում, մենք այդ հնարավորությունները և առավելությունները կորցնում ենք: Եվ երբ Ռուսաստանը բանակցի Եվրամիության հետ, թե ինչ պայմաններով է ինտեգրացվում, նա Հայաստանը կունենա թեկուզ լրացուցիչ, փոքր, բայց կցորդ-փաստարկ, և Հայաստանը ձայն չի ունենալու այդ գործընթացում:








































