Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները այսօր տեսակամուրջի միջոցով հնարավորություն ունեցան շփվելու իրենց հարազատների հետ: Հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար ավանդական դարձած հեռուստակամուրջի մասնակիցներին ողջունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
«Հպարտ ենք ձեզ այնտեղ տեսնել, կարծում ենք՝ մեր դեսպանատանը՝ այդտեղ, ձեզ լավ են ընդունել: Շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, գործընկերներս բազմիցս նշել են ձեր գերազանց ծառայության մասին»,- ասաց նա:
Հայաստանի ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը նշեց, որ այս կերպ՝ տեսակամուրջով, հանրությանը ներկայացնում են նաև հայ խաղաղապահների ծառայությունը, իրենց գնահատանքն են արտահայտում:
«Ձեր հարազատները կարող են նաև առանձին շփվել, բայց այս տեսակամուրջը ևս կարևորվում է: Ձեր օրինակելի ծառայության շնորհիվ պարբերաբար գովասանքի ենք արժանանում»,- ասաց նա:
ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը նշեց, որ տղաների հետ իրենց կապը մշտապես պահպանվում է, մշտապես ստանում են տեղեկություններ նրանց ծառայության վերաբերյալ: «Գիտեմ, որ խնդիրներ չկան, նույն կերպ էլ շարունակեք մինչև վերջ: Հաջորդ տարի արդեն Կոսովոյում հայկական առաքելության ներկայության տասնամյակն է լրանում»,- ասաց նա:
2004 թ.-ից սկսած՝ Հայաստանն իր շարունակական մասնակցությունն է բերում միջազգային խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված միջազգային գործողություններին:








































