Հավաքարարները Բանգկոկից Կալկաթայի օդանավակայան ժամանած հնդկական Jet Airways ավիաընկերության օդանավի զուգարանում ոսկու 24 ձուլակտոր են հայտնաբերել:
Ձուլակտորները, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մեկ կիլոգրամ, գտնվել են զուգարանում լքված երկու պայուսակներում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Մինչ այդ ձուլակտորների անհետանալու մասին որևէ հայտարարություն ոստիկանությունում չէր ստացվել: Տարբեր տվյալներով՝ դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է 1.1-1.4 մլն դոլար:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ մաքսային ծառայողներն ու ոստիկաններն արդեն մեկ մարդու են ձերբակալել ոսկու մաքսանենգության կասկածանքով և հարցաքննում են նրան:
Անօրինական ճանապարհով Հնդկաստան ոսկու ներմուծման փորձերի թիվը 2013-ին ավելացել է այն բանից հետո, երբ իշխանությունները բարձրացրել են այդ մետաղի ներկրման մաքսը՝ փորձելով նվազեցնել առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը:








































