Աբխազական երկաթգծի լիարժեք վերանորոգման համար շուրջ 250 մլն դոլար է անհրաժեշտ: Նոյեմբերի 20-ին Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատում «Հարավային Կովկասում երկաթգծի վերականգնումը. Սոչի-Սուխում/Թբիլիսի-Երևան երկաթգծի վերականգնման հնարավոր տնտեսական արդյունավետության գնահատականը» անվանումով հետազոտության ներկայացման ժամանակ այս մասին ասաց International Alert միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Լոլիտա Զադեն:
Երկաթգծի առկա վիճակի վերաբերյալ ուսումնասիրությունները կազմակերպությունն իրականացրել է 2012 թվականի դեկտեմբերից մինչև 2013-ի սեպտեմբեր:
Լոլիտա Զադեն նաև նկատեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են աբխազական երկաթգծի մի շարք կատեգորիաների` կապիտալ և մասնակի վերանորոգման կարիք ունեցող, ինչպես նաև նոր շինարարություն պահանջող հատվածներ:
Քննարկմանը ներկա՝ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Նատալյա Միրիմանովան իր հերթին նկատեց, որ ըստ փորձագիտական շրջանակների` միմյանցից տրամաբանորեն հակառակ գնահատականների` Հարավային Կովկասում երկաթգծի վերագործարկումը կա՛մ շատ թանկ է, կա՛մ հակառակը` շատ ձեռնտու: «Մենք մեր հետազոտության ընթացքում քաղաքականությունը լրիվ տարանջատել ենք տնտեսությունից, և մեր հետազոտությունն էլ իր բնույթով զուտ տնտեսական է»,- ասաց նա:
Թբիլիսիից հրավիրված փորձագետ Վախթանգ Չարայան նկատեց, որ վրացի փորձագետների հաշվարկներով՝ աբխազական երկաթգծի լիարժեք վերականգնման համար 277 մլն դոլար պետք կգա: «Կոնկրետ Վրաստանը երկաթգծի միջոցով Ռուսաստան կարող է արտահանել մեծ ծավալների գինի, գազավորված ջուր, միրգ և բանջարեղեն: Իսկ ահա Ռուսաստանից Վրաստան կարող են ուղարկվել նավթ, կաթնամթերք, մսամթերք և ցորեն»,- ասաց նա:
Քննարկման մյուս բանախոսն էլ՝ տնտեսագետ Կարեն Հովսեփյանը, իր հերթին նկատեց, որ աբխազական երկաթգծի վերագործարկումը կարող է զգալի դրական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության զարգացման վրա: «Երկաթգծի աշխատելու դեպքում տնտեսության շատ ճյուղեր ակտիվորեն կզարգանան, քանի որ սա կդառնա ռուսական և վրացական նավահանգիստների թանկ ծառայությունների այլընտրանքը»,- ասաց նա:
Կարեն Հովսեփյանի խոսքով՝ երկաթգծի շահագործման դեպքում Հայաստանից արտահանվող տուֆի, բազալտի, մարմարի ու ֆելզիտի գինը զգալիորեն կնվազի:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի











































