Նոյեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Բոդիբիլդինգի Հայաստանի 2013թ. առաջնությունը: Մեդալները խաղակրվեցին 3 քաշային կարգերում (մինչև 70 կգ, մինչև 90կգ և 90կգ+ ): Չեմպիոնների համար սահմանված էին դրամական պարգևներ (5000 ԱՄՆ դոլար` չեմպիոնին, 2-րդ տեղ՝ 2000 դոլար, 3-րդ տեղ՝ 1000 դոլար, բացարձակ չեմպիոն՝ 8000 դոլար): Ուժի և գեղեցկության համադրման պայքարի մեկնարը տրվեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ելքով: «Կոնան» մարզասրահի ներկայացուցիչներ Վարդուհի Մկրտչյանը, Մարիա Գրիգորյանն ու Աստղիկ Մնացականյանը ցուցադրեցին իրենց գեղեցիկ կազմվածքը: Սա աննախադեպ էր հայկական բոդիբիլդինգի պատմության մեջ, և հնարավոր է՝ աղջիկների ելույթը հարթակ հանդիսանա, որպեսզի հետագա տարիներին մեդալների համար պայքարին ներգրավվեն նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:
Մինչև 70 կգ քաշայինների պայքարում հաղթող ճանաչվեց Հովհաննես Ավագյանը: հաջորդ քաշային կարգում պայքարը նույնպես թեժ էր: Առաջին տեղը զբաղեցնելուն հավակնում էին Ռոբերտ Հակոբյանն ու Բագրատ Աղաբեկյանը: Լարված պայքարի արդյունքում մրցավարներն առավելությունը տվեցին Աղաբեկյանին:
«Շատ լուրջ էի պատրաստվել մրցումներին: Նախապատրաստական փուլում կարևոր են հատկապես սնունդը և քրտնաջան, հետևողական աշխատանքը: Առաջին անգամ բեմ եմ դուրս եկել 2003թ.: Շարունակելու եմ զբաղվել բոդիբիլդինգով: Սիրում եմ այս մարզաձևը և երկար տարիներ եմ նվիրել»,- 1in.am Sport-ի հետ զրույցում նշեց Ռոբերտ Հակոբյանը:
90 կգ + քաշային կարգում հաղթողին կանխատեսելն անհնարին չէր: Հայկական բոդիբիլդինգի պատմության կենդանի լեգենդ Գագիկ Տոնոյանը կրկին բարձունքում էր: 27 համարը 13-րդ անգամ հաջողություն բերեց Տոնոյանին և նա նվաճեց Գագիկ Ծառուկյանի անվան գավաթը:
47-ամյա մարզիկի շքեղ ներկայացումն ամբողջական դարձրեց Հայաստանի բացարձակ չեմպիոնի կոչումը: Նա հաղթող ճանաչվեց նաև բոլոր քաշային կարգերի չեմպիոնների պայքարում: Նորաթուխ չեմպիոնը 1in.am Sport-ի հետ զրույցում նշեց.
«Սա իմ 13-րդ չեմպիոնությունն է: Դարձա բացարձակ հաղթող: Մարզաձևին նվիրել եմ մոտ 22 տարի: Այս մարզաձևում տարիքն էական նշանակություն չունի: Ամենակարևորն անընդհատ և շարունակական աշխատանքն է: Աղջիկներն իմ մարզուհիներն են, ներկայացնում են «Կոնան» մարզասրահը: Եթե մրցակցությունը մեծանա, ապա հաջորդ տարիներին կկազմակերպվեն մրցումներ նաև աղջիկների համար»:
Հայաստանի բոդիբիլդինգի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Հակոբյանը 1in.am Sport-ի հետ զրույցում ասաց, որ առաջնությունն արդարացրել է իր սպասելիքները, ինչպես նաև նշեց, որ ծրագրվում է չեմպիոն դարձած մարզիկներին ներկայացնել միջազգային մրցաշարերում:
«5-րդ անգամ խաղարկվեց Գագիկ Ծառուկյանի անվան գավաթը: Բողոքներ երբեմն լինում են: Դա բնական է, քանի որ սա սպորտ է: Ֆեդերացիայի մրցավարներիակտիվ գործունեության շնորհիվ ճիշտ գնահատական ենք տալիս ամեն անգամ: Դեռևս մյուս տարվա համար չեմ կարող ասել՝ մրցմանը կմասնակցեն աղջիկներ, թե ոչ, բայց եթե նրանց թիվն ավելանա, հասնի 15-20-ի, ապա իրենց համար նույնպես մրցումներ կկազմակերպենք: Որոշում ունենք Եվրոպայի առաջնությանը ներկայացնել մեր չեմպիոններից 2-3-ին: Նախատեսում ենք ներկայացուցիչներ ունենալ նաև աշնանը կայանալիք «Առնոլդ կլասիկ» մրցաշարում ինչպես նաև աշխարհի առաջնությունում, որը կկայանա աշնան վերջին»:








































