Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում ընթանում է բողոքի երթ՝ նվիրված ՆԳՆ շենքի մոտ երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին, երբ բախումների հետևանքով զոհվել էր ավելի քան 40 մարդ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Թահրիր հրապարակ են շարժվում քաղաքական տարբեր շարժումների, այդ թվում՝ «Մուսուլման եղբայրների» ակտիվիստները: «Ալ-Թամարուդ» երիտասարդական շարժումը հրաժարվել է մասնակցել ակցիաներին լարվածության աճից խուսափելու համար:
Թահրիր տանող ճանապարհի վրա արդեն առաջին բախումներն են տեղի ունեցել: Իսլամիստները մտադրություն են ունեցել երթով շարժվել պաշտպանության նախարարություն, սակայն նրանց կանգնեցրել են զինծառայողները, որոնք Կահիրեում փակել են մի քանի փողոց և Այն-Շամս համալսարան տանող ճանապարհը: Առավոտյան համալսարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել բուհի ուսանողների և «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամների միջև:
Կահիրեում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Երեկոյան մայրաքաղաքում ֆուտբոլային խաղ պետք է տեղի ունենա Եգիպտոսի և Գանայի հավաքականների միջև: Քաղաքում պարեկություն են անում ոստիկանության ուժեղացված ջոկատները, շատ շրջաններում տեղադրվել է բանակային զրահատեխնիկա:









































