Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում մի խումբ ցուցարարներ երկուշաբթի երեկոյան պղծել են զոհված հեղափոխականներին նվիրված հուշարձանը:
2011թ. հունվարի 25-ի և 2013թ. հունիսի 30-ի հեղափոխական իրադարձությունների և դրան հետևած անհանգիստ ժամանակաշրջանում զոհված անձանց նվիրված հուշամալիրի բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ի երեկոյան՝ երկրի վարչապետ Հազեմ Ալ-Բաբլաուիի կողմից:
Երեկոյան Թահրիր հրապարակում հավաքվել էին մի քանի հարյուր մարդ՝ ցույց անցկացնելու համար: Ցուցարարների թվում են եղել ոստիկանության հետ արյունալի բախման հետևանքով զոհերի հարազատները: Նրանցից ոմանք կարգախոսներ են հնչեցրել ընդդեմ «Մուսուլման եղբայրներ»-ի, ոմանք՝ Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի դեմ:
Անհասկանալի պատճառներով՝ ցուցարարներն իրենց զայրույթը թափել են հուշատախտակի վրա՝ գրություններ թողնելով դրա վրա:
Պղծված հուշատախտակի փոխարեն՝ այդ ժամանակվա իրադարձությունների զոհերի հարազատները որոշել են կանգնեցնել իմպրովիզացված հուշահամալիր՝ քարերից և երկաթներից, որոնք կհիշեցնեն 2011թ. նոյեմբերի 19-ին երկու պատերազմող ճամբարների միջև դրված պատնեշները:









































