ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրենսդիր ասամբլեայի (խորհրդարանի) ստորին պալատը մարտի 7-ին հավանություն է տվել այն օրենսդրական փաթեթին, որը նպատակամղված է փետրվարի 14-ին Փարքլենդ քաղաքի դպրոցում 17 մարդու սպանության օրինակով ողբերգությունների կանխմանը: Այս մասին հայտնում է Sun Sentinel թերթը:
Նահանգի խորհրդարանի վերին պալատը (Սենատը) փաթեթին հավանություն էր տվել դեռ մարտի 5-ին: Այժմ փաստաթուղթը կուղարկեն նահանգապետ Ռիք Սքոթի հաստատմանը:
Նահանգի Սենատը քվեարկել է գրոհային նմուշի սպառազինությունների գնման տարիքային շեմը 18 տարեկանից մինչև 21 տարեկան բարձրացնելու և կիսաավտոմատ զենքի արագաձգությունը բարձրացնող սարքերի վաճառքն արգելելու օգտին: Օրինագծերն իրավապահ մարմիններին օժտում են ավելի լայն լիազորություններով հոգեկան շեղումներով մարդկանցից զենք և զինամթերք բռնագրավելիս և թույլ են տալիս դպրոցներում խստացնել անվտանգության միջոցները պահակների թվաքանակի մեծացման և առանձին ուսուցիչների զենքի կրման թույլտվության հաշվին։









































