Այսօր վերաքննիչ քրեական դատարանում պետք է սկսվեր Արա Դիլանյանի և Հրաչիկ Հակոբյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ Դիլանյանին և Հակոբյանին մեղավոր է ճանաչել կողոպուտ կատարելու համար և յուրաքանչյուրին դատապարտել 3 տարի 8 ամիս 15 օր ժամանակով ազատազրկման:
Ըստ դատական ակտի՝ Արա Դիլանյանն ու Հրաչիկ Հակոբյանը՝ համալսարանում ուսանած նախկին համակուրսեցիները 2012 թվականի հոկտեմբերի 2-ի գիշերը ապօրինի բնակարան մուտք գործելով՝ բացահայտ հափշտակել էին առողջական խնդիրներ ունեցող Սպարտակ Հայրապետյանի և նրա հոր մոտ եղած գումարները՝ 181 հազար և 45 հազար 700 դրամ:
Վերաքննիչ բողոք է բերել պաշտպանական կողմը՝ պնդելով, թե առաջադրված մեղադրանքը անհիմն է, հիմնված է միայն հոգեկան խնդիրներ ունեցող տուժողի տված հակասական ցուցմունքների վրա:
Վերաքննիչ բողոքով պաշտպանական կողմը պահանջել է անմեղ ճանաչել և արդարացնել երկու ամբաստանյալներին էլ:
Այսօր վերաքննիչ քրեական դատարանում նիստը չկայացավ, որովհետև ամբաստանյալ Արա Դիլանյանը գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում, որտեղից տրված տեղեկանքի համաձայն՝ ամբաստանյալ Դիլանյանը առողջական վիճակի վատացման պատճառով չէր կարող ներկայացվել դատարան:









































