Նոյեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը։
Հանդիսավոր արարողության ավարտից հետո, Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու Հայաստան այցելելու հրավերը։
Գեորգի Մարգվելաշվիլին գոհունակություն է հայտնել Հայաստանի և Վրաստանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ երկուստեք ջանքերով հնարավոր է դրանք առավել խորացնել և ամրապնդել:
Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական երկկողմ հարաբերություններին, տնտեսական համագործակցությանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին, միջխորհրդանական փոխգործակցությանը, ինչպես նաև վիրահայությանը առնչվող հարցեր:
Գեորգի Մարգվելաշվիլին խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Նախագահ Սերժ Սարգսյանին:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Արմեն Մովսիսյանը հանդիպել են Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Հանդիպումներին ներկա է եղել Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը։
Նոյեմբերի 17-ի առավոտյան տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Մայա Փանջիկիձեի առանձնազրույցը, որի ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։









































