
Ազատության հրապարակում այսօր երեկոյան ընդամենը 500-600 մարդ էր մասնակցում ՀԱԿ ավանդական հանրահավաք-երթին` նվիրված Մարտի 1-ի տասներորդ տարելիցին: Մարդկանց սակավամարդությունը մի քանի եզրահանգումների, ավելի ճիշտ` տխուր եզրահանգումների տեղիք է տալիս: Մարդիկ չեն վստահում ընդդիմությանը և դա տեսանելի է նույնիսկ անզեն աչքով, ընդ որում` վերջին երկու ամիսների մի քանի ակցիաների վերլուծության արդյունքում:
Հայաստանում ընդդիմությունը կորցրել է սուբյեկտությունը` դառնալով նոմինալ, թղթի վրա գոյություն ունեցող սուբյեկտ: Գնահատականը համապարփակ է ու վերաբերվում է` ինչպես խորհրդարանում ներկայացված «Ելքին», այնպես էլ` խորհրդարանից դուրս գործող ուժերին: Որևէ մեկը չունի օրակարգ ու ընդամենը համարժեք կամ ոչ համարժեք արձագանքում է իշխանության քայլերին: Հասարակությունը նման ընդդիմության հետ հեռանկար չի կապում` անկախ այն հանգամանքից, թե որն է հանրահավաքի կամ երթի օրակարգը` թանկացումնե՞րը, թե՞ Մարտի 1-ը:
Սկզբունքորեն մարդիկ ճիշտ են, որովհետև «Երթի» կամ ՀԱԿ-ի երթերը չունեն քաղաքական գործընթաց գեներացնելու պոտենցիալ, ռեսուրս և ընդամենը տեղեկատվական բնույթ ունեն: Տեղեկատվություն, ընդ որում` ավելի որակյալ և օպերատիվ, մարդիկ կարող են ստանալ տանը նստած` առանց ընդդիմադիրների «անսխալականության» բարդույթի հետ առերեսվելու:
Մյուս կողմից` ընդդիմության նկատմամբ տոտալ անվստահությունն ավելի ռադիկալ է դարձնում հասարակության տրամադրությունները, միևնույն ժամանակ` վերացնելով իշխանության և հասարակության միջև առկա բուֆերը:
Ակամայից մտածում ենք, որ Մարտի 1-ի համար իրապես պատասխանատու են Հայաստանի բոլոր երեք նախագահները. Ռոբերտ Քոչարյանը մարդկանց վրա կրակելու հրաման է տվել, Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի հարցը ենթարկել է և ենթարկում է մանիպուլացիաների, Լևոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի բացահայտման հիմնական շահառու հասարակությանն ուղարկեց տուն` իշխանության հետ երկխոսության պտուղները վայելելու նպատակով: Մարտի 1-ի տասներորդ տարելիցը, հանրահավաքի սակավամարդությունը, հենց այսօր չորրորդ նախագահի ընտրությունների գործընթացի մեկնարկը խորհրդանշական են:
Քաղաքականության համար Մարտի 1-ի օրակարգը սպառված է` առանց դրա հետևանքների վերացման. այսինքն` առկա է քաղաքական, հանրային կոնսենսուս, որ Հայաստանը դեմոկրատական երկիր չի լինելու: Այդ կոնսենսուսի մաս է նաև ընդդիմությունն` իր անտաղանդությամբ: Ճիշտ այդպես ժամանակին փակվեց Հոկտեմբերի 27-ի էջը` առանց հետևանքների վերացման և քաղաքական և հանրային կոնսենսուսով, որ հայ-ռուսական վասալային հարաբերությունների «պորտալարը» անձեռնմխելի է:
Մարտի 1-ի այսօրվա հանրահավաք-երթն այն մասին էր, որ աննախադեպ ոճիրի բացահայտումն այլևս քաղաքական և հասարակական շահառու չունի: Մարտի 1-ով այլևս կարող է հանգիստ զբաղվել միայն Սերժ Սարգսյանը` այն օգտագործելով համակարգի այս կամ այն սեգմենտի դեմ:
Լուսանկարը՝ Photolure-ի