«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով երեկ մասնակցում էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ կազմակերպված քաղաքական գործիչների և ուսանողների ֆուտբոլային խաղին:
– Պարոն Շարմազանով, գո՞հ եք արդյունքներից:
– Շատ…
– Բայց կարծես երիտասարդներն ավելի լավ էին խաղում:
– Հաշիվն այդ մասին չի ասում, որ երիտասարդներն ավելի լավ էին խաղում: Այնպես չէ, որ մենք ավագ սերունդ ենք, մենք էլ ենք երիտասարդ: Կարևորը շատ լարված խաղ էր՝ 3:3: Առաջին խաղակեսը մենք շատ լավ խաղացինք՝ 2:0, երկրորդ խաղակեսին՝ իրենք ավելի երիտասարդ էին, ավելի շատ էին վազում՝ չհաշված մեր դարպասապահն աչքին վնասվածք ուներ, ակնոցները ջարդվել էին, բայց կարևորը պատիվներս գետնով չտվեցինք, Սամվել Ֆարմանյանի շնորհիվ երրորդ գոլը խփեցինք: Կարող եմ ասել, որ մենք որակով ավելի լավ խաղացինք, և ավելի շատ էին գոլային պահերը մեզ մոտ:
– Պարոն Շարմազանով, Կարեն Ավագյանը նշեց, որ նախապես որոշվել է խաղի ելքը, հաշիվը: Այդպե՞ս է:
– Փոքրուց առհասարակ գործարքների չեմ գնացել և կարող եմ ասել, որ արդար խաղն ամենալավն է, և վերջին պահին հավասարեցրինք հաշիվը, ինչը խաղի տրամաբանությանը համապատասխան էր:
Ինձ համար ամենակարևորն առողջ ապրելակերպն է, կարևորը՝ նման միջոցառումներ լինեն: Իհարկե, ազարտը կարևոր է, և սա ցույց է տալիս, որ քաղաքական գործիչներս, չնայած առավոտից երեկո քաղաքական պրոցեսների մեջ ենք, բայց չենք ծերացել, և կյանքի նկատմամբ ազարտը, պոզիտիվությունը չենք կորցրել: Նմանատիպ միջոցառումները նաև մերձեցնում են քաղաքական գործիչներին երիտասարդների հետ:
– Օրինակ՝ ՀՀԿ խմբակցության քանի՞ տոկոսն է առողջ ապրելակերպով ապրում:
– Դուք տեսաք, որ մեր թեմի մեծ մասը ՀՀԿ-ից էր: Սա նշանակում է, որ ոչ միայն քաղաքականության մեջ է ապագան Հանրապետականինը, այլ նաև սպորտի:
– Ստացվում է՝ ամեն ինչ ուզուրպացրել եք:
– Չենք ուզուրպացրել, ուղղակի ժողովուրդն այդպես է ցանկանում:
– Երիտասարդության մասին խոսեցիք, այսօր երիտասարդը կարողանո՞ւմ է արդյոք իր ուժերը ռեալիզացնել Հայաստանում:
– Ես դասավանդում եմ թե՛ ԵՊՀ-ում, թե՛ ՀՊՄՀ-ում, ես այն կարծիքին եմ, որ այսօրվա մեր սերունդը մեզնից լավն է, ես այն կարծիքին չեմ, որ մենք այսօր ունենք ոչ գաղափարական, ոչ ազգային մտածողությամբ երիտասարդություն: Մենք երիտասարդ տարիներին այդպես չենք եղե՞լ, մենք էլ էինք դասերից փախչում, ռոք-բալլադ էինք լսում, այգիներում զբոսնում, Ռուբեն Հախվերդյանի համերգին էինք գնում՝բոլորս մեկ շիշ օղի ձեռքներս…
– Փաստորեն, ընդդիմադիր էիք…
– Իհարկե… Չգիտեի՞ք… այնքան ռոմանտիկ էինք, որ հացադուլ էինք անում, հավատում էինք, որ նախագահի՝ Տեր-Պետրոսյանի նստավայրի մոտ 48 ժամ հացադուլ անենք, դրանից հետո երիտասարդության բոլոր խնդիրները կլուծվեին: Երիտասարդությունն առանց ռոմանտիզմի անհետաքրքիր է:
– Ձեր ուսանողների քանի՞ տոկոսն է իր ապագան Հայաստանում պատկերացնում և արդեն քանի՞սն են գնացել:
– Ես շատ օպտիմիստ եմ, և կարծում եմ, որ գնացողներն էլ են հետ գալու: Արտագաղթի խնդիրը, իհարկե, կա, բայց ես չեմ ցանկանում դա արհեստականորեն ավելի խորացնել, որովհետև ինքս բավական հաճախ լինում եմ Եվրոպական միության երկրներում, նաև հետխորհրդային երկրներում, վերջերս Էստոնիայում և Լատվիայում էի, իմ գործընկերների հետ եմ զրուցել, նրանք Եվրամիության անդամ երկրներ են, այնտեղ էլ մեծ է արտագաղթը: Կոնկրետ Էստոնիան մեկ միլիոն երեք հարյուր հազար բնակչություն է ունեցել, այսօր մնացել է 700.000, հիմնականում երիտասարդությունն է արտագաղթել: Այսինքն՝ արտագաղթը բնորոշ է այսօրվա գլոբալիզացվող աշխարհին, կարևորն այն է, որ գնացողը գնա աշխատի և վերադառնա, գնացողն իր ապագան կապի Հայաստանի հետ: Մենք ունենալու ենք շատ հզոր, շատ փայլուն, զարգացած ժողովրդավարական և ազգային Հայաստան, որևէ վայրկյան չեմ կասկածում, որովհետև ունենք փայլուն երիտասարդներ: Այս երիտասարդները լինելու են մեր վաղվա ապագան: 80-ականներին, երբ խոսում էի ավագ սերնդի դասախոսների հետ, իրենք ասում էին՝ դե մենք Հայրենական մեծ պատերազմ ենք հաղթել, այս սերունդը ինչ պետք է լինի, բայց տեսա՞ք, որ այդ սերունդը Արցախյան հերոսամարտում հաղթեց: Մի վայրկյան չկասկածեք, որ ձեր սերունդը, մեր սերունդը, մեզնից հետո եկող սերունդը ավելի լավն է լինելու, դա է աշխարհի զարգացման օրենքը:
– Այսինքն՝ եթե պետք լինի հեղափոխություն էլ կանի:
– Հեղափոխությունն ինքնանպատակ չպետք է լինի, հեղափոխությունը պետք է լինի մեր ուղեղում, որ գիտակցենք՝ իշխանություններից պետք է բողոքել, քննադատել, բայց ով հայրենիքից նեղանում է, նա ուղեղում պրոբլեմ ունի, որովհետև հայրենիքը ո՛չ իմն է, ո՛չ ձերը, ո՛չ իշխանություններինը, ո՛չ ընդդիմությանը, հայրենիքը բոլորինս է, որը Հայկ նահապետից գալիս է, գնալու է դարեդար:
– Ասում են՝ հայրենիքը իշխանություններն են խլել, մնացել ենք անհայրենիք…
– Նման անլուրջ մարդկանց և անլուրջ հայտարարություններին ես լուրջ չեմ վերաբերվում, որովհետև իշխանությունները գալու-գնալու են, բայց հայրենիքը մնալու է և մնայուն է:












































