Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում աշխարհազորայինների և ցուցարարների միջև բախումների հետևանքով զոհվել է 27 մարդ, ևս 235-ը վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Ալի Զեյդանի հայտարարությունը:
Ուրբաթ հազարավոր մարդիկ հավաքվել էին Տրիպոլիում աշխարհազորայինների շտաբ-գրասենյակի մոտ՝ պահանջելով լքել մայրաքաղաքում զբաղեցրած շինությունը և դադարեցնել վայրագությունները:
«Ցույցն ի սկզբանե խաղաղ բնույթ է կրել և արտոնվել է ՆԳՆ-ի կողմից, սակայն երբ ցուցարարները մտան Գարգուր շրջան, նրանց վրա կրակ բացեցին, որի հետևանքով մարտիրոսաբար զոհվեց 27, վիրավորվեց 235 մարդ»,- հայտարարել է Ալի Զեյդանը:
Տեղի բնակիչները բողոքի ակցիայի էին դուրս եկել այն բանից հետո, երբ համապատասխան կոչով հանդես է եկել իմամը ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Նրանց դժգոհությունն առաջացրել էր նախօրեին երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած բռնությունները, որոնք, ակցիայի մասնակիցները կարծիքով, կազմակերպել էին աշխարհազորայինները:











































