Շվեդիայի տեսարժան վայրերից մեկը հանդիսացող սառցե հյուրանոցին պարտավորեցրել են տեղակայել հակահրդեհային ազդանշանային համակարգ: Այս մասին գրում է The Local-ը: Համապատասխան կարգադրությունն արել է քաղաքի վարչակազմը: Հյուրանոցն ամեն տարի կառուցվում է նորից, այդ իսկ պատճառով կենթարկվի բոլոր նոր շինությունների համար սահմանված կանոններին, որոնց թվում է հակահրդեհային ազդանշանային համակարգի տեղակայումը: Հայտնի չէ՝ նման պահանջ առաջադրվում է առաջի՞ն անգամ, թե՞ ոչ:
Հյուրանոցի համար մշակվել են հատուկ ազդանշանային համակարգեր, որոնք կարող են շարունակել աշխատել արտակարգ պայմաններում: Դրանց մշակման ժամանակ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ հյուրանոցի պատերը կարող են հալչել: France-Presse-ի փոխանցմամբ՝ անցած ձմռանը հյուրանոցը հրդեհային մասի հետ համատեղ փորձարկել է այդ սարքերը:
Ice Hotel-ը գտնվում է Շվեդիայի հյուսիսային Յուկասյարվի փոքր քաղաքում: Առաջին անգամ այն բացվել է 1990 թվականին: 2013-ին հյուրանոցը կաշխատի դեկտեմբերի 6-ից ապրիլի 13-ը: Սառցե մեկտեղանոց համարում մեկ գիշեր անցկացնելն արժե 368 դոլար, իսկ լյուքս համարում՝ 1452 դոլար:








































