Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, խոսելով Փակ շուկայի շուրջ ծավալվող պայքարից, նշեց, որ մեր ժամանակներում տեղի են ունենում շատ իրարամերժ երևույթներ: Նրա խոսքով՝ հարազատ շուկայի շուրջ առաջացած վրդովմունքը շատ մեծ էր, քանի որ այն ճարտարապետական հրաշք գործ է: Նա ասաց, որ շուկայի արտաքին տեսքում ինչ-որ բաներ պահպանվել են:
«Ուզում եմ Երևան եկողը հին Երևանը տեսնի, սակայն որտե՞ղ են «Սևան» հյուրանոցը կամ Աբովյան փողոցի Լեզվի ինստիտուտը, կամ Սարյան և Եկմալյան փողոցի անկյունում դատախազության շենքը… մենք պետք է հետամուտ լինենք մեր արժեքների պահպանմանը»,- ասաց նա:
Նա ասաց, որ Փակ շուկայի ճակատային մասը պահպանվել է, երեկ նա մտել է Փակ շուկա. «Էլեկտրական դռները բացվեցին, ինձ դա դուր չեկավ՝ ոնց որ եկեղեցի մտնելուց դուռը միանգամից բացվի-փակվի: Մի մասը պահպանվել էր, մի մասը՝ ընդհանրապես ոչ, բայց ֆասադը մնացել է նույնը»,- ասաց նա:
Նա նաև դեմ է օդանավակայանի հին շենքի քանդման գաղափարին: Այն, ըստ նրա, հրաշալի շենք է՝ Արթուր Թարխանյանի նախագծած լավագույն շենքերից:
Մեր դիտարկմանը` օլիգարխի դեմ դժվար է պայքարել, Սամվել Ալեքսանյանի դեմ այդպես էլ ոչ քաղաքապետարանը, ոչ մշակույթի նախարարությունը չկարողացան, թեև ընդդիմացան: Քանդակագործը ընդունեց, որ կա նման խնդիր:
«Մի մեծահարուստ ուզում է մի քանդակ դնել, շատ անգամ որոշմանն էլ չեն նայում: Օրինակ` Հրանտ Շահինյանի կինը մոտեցել է Ծառուկյանին, խնդրել, որ նրա անունը կրող դպրոցի բակում դրվի Հրանտ Շահինյանի արձանը: Ծառուկյանն ասել է՝ անհոգ եղիր: Դա Ծառուկյանի ցանկությունն է, բայց չէ՞ որ սա քաղաք է: Մի տասը օր անցավ, ասացին՝ գնա քանդակը նայի, արդեն քարը բերել են. հինգ մետր էր՝ Լենինի արձա՞նն է, ի՞նչ է, ի՞նչ իմաստ ունի: Հասկացանք` օլիմպիական չեմպիոն է, բայց չէ՞ որ այն պետք է շրջապատի հետ ներդաշնակ լինի, հարմոնիա ստեղծվի՝ մինչդեռ հինգ մետր… ես չեմ ընդունում»,- ասաց նա` հավելելով, որ մինչև դեկտեմբերի վերջը Ծառուկյանը խոստացել է տեղադրել արձանը: Ըստ նրա` ճշմարտությունն այն է, որ ով փողը տալիս է, նա էլ պատվիրում է:
Այնուամենայնիվ, Լևոն Թոքմաջյանը երիտասարդական պայքարները շատ է հավանում: Նրա խոսքով՝ ինչ-որ ըմբոստություն կա, ինչը լավ է: Բայց արդյոք այդ ըմբոստությունը արդյունք տալի՞ս է՝ հարցին Լևոն Թոքմաջյանը պատասխանեց, որ հաջողություններ կան, օրինակ՝ Մաշտոցի պուրակի հարցում դրվեց ճիշտ պահանջ, և հասան լուծման, բայց Փակ շուկայի դեպքում անզորություն ցուցաբերվեց:
Նա նշեց, որ Շանթ Հարությունյանի կատարածը դժվարանում է բնութագրել. շատերը ասում են՝ հոգու ճիչ էր, մյուսներն ասում են՝ ազնիվ էր իր քայլում, ուզում էր հեղափոխություն անել: «Շանթի հայտարարությունը գովա՞զդ էր, թե՞ հոգու ճիչ, պայթուցիկները, մահակները… մի՞թե այդպես են հեղափոխություն անում: Որոշակի գնահատական չեմ կարող տալ»,- ասաց նա:








































