ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նոյեմբերի 15-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց, որ իրենք դեռ չեն քննարկել մանդատը վայր դրած ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանին փոխարինողի հարցը:
«Օրենքով սահմանված կարգով մեր գործընկերը ներկայացրել է հրաժարականի դիմում, և օրենքով սահմանված կարգով՝ երբ ժամկետը լրանա, մենք քննարկման առարկա կդարձնենք, թե ով պիտի փոխարինի նրան: Դեռ չենք քննարկել, անընդհատ ասում ենք, խոսում՝ հերթական համարն է փոխարինելու, բայց երբ ես առաջին անգամ դարձա պատգամավոր, մեր ցուցակից տասներկու գործընկերներ հրաժարական տվեցին»,- ասաց նա:
Մարգարյանը նշեց, որ խորհրդարանում իրենց գործընկերոջը փոխարինելու եկող նոր պատգամավորին առաջարկում է կուսակցության ղեկավարը՝ Արթուր Բաղդասարյանը, և քաղխորհուրդը որոշում է կայացնում՝ հիմք ընդունելով հենց կուսակցության ղեկավարի կարծիքը: Իհարկե, ըստ ՕԵԿ անդամի, բացառված չէ, որ հենց հերթական համարն էլ լինի ԱԺ-ում ՕԵԿ նոր պատգամավորը:
ՕԵԿ անդամ Խաչիկ Հարությունյանը վայր է դրել մանդատը՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նա այսուհետ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորն է:








































