Google ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և այլ երկրների կառավարությունների կողմից օգտատերերի տվյալների մասին հարցումների քանակը վերջին 4 տարում կրկնակի աճել է: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կորպորացիայի ներկայացրած հաշվետվության մեջ ասվում է, որ ամերիկյան կառավարական գործակալությունները 2013-ի հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Google-ին դիմել են 11 հազար անգամ: Նույն ժամանակահատվածում 15 հազար հայց էլ ստացվել է օտարերկրյա կառավարությունների կողմից:
Google-ի փոխանցմամբ՝ զգալիորեն ավելացել է դիմումների քանակը Հնդկաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից:
Google-ում վստահեցրել են, որ շարունակում են աշխատել ԱՄՆ կառավարության հետ՝ հաճախորդներին ներկայացնելու ավելի մանրամասն տեղեկատվություն իրենց նկատմամբ հատուկ ծառայությունների հետաքրքրության մասին:












































