Այսօր բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը կրկին կառավարության շենքի առջև էին: Նրանք որոշել են հանդիպել արդեն գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, քանի որ նա տեղյակ է սպանված զինվորների բոլորի գործերից:
Այս ընթացքում նրանց պայքարում չկա առաջընթաց, ոչ մի զինվորական գործ չի բացահայտվել: Զոհված զինվորների մայրերի խոսքով՝ պետք է լինի հեղափոխություն, այս իշխանությունը պետք է փոխվի հենց գլխից:
«Ձուկը գլխից պետք է բռնել ու ամբողջ ողնաշարով արմատախիլ անել. նորերին բերեն, որ գոնե բարեխղճորեն աշխատեն: Երեկ Սերժ Սարգսյանը գնացել էր Ղարաբաղ. Ղարաբաղի սահմանները մեր տղաներն են պաշտպանել, թող գնա պահպանի մեր երեխաներին, որ հրամանատարները չսպանեն: Իմ տղան գնացել էր սահմանը պաշտպանելու, ինչո՞ւ սպանեցին: Այսօր մեր զինվորը իր հրամանատարից պաշտպանվելու կարիք ունի»,- ասաց զոհված զինվոր Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:
Նրանք կարծում են, որ մեր երկրում հեղափոխություն է պետք, բայց ժողովուրդը չի համախմբվում, մինչդեռ պետք է բռունցք դառնան՝ նպատակին հասնելու համար:
Մայրերից մեկն էլ նշեց, որ արդեն 12 տարի է՝ սպասում է 88-ի զարթոնքին, միասնությանը, ազգային գիտակցության բարձրացմանը:
Ի դեպ, հոկտեմբերի 20-ին մայրերը նորից գնացել են Բաղրամյան 26՝ հերթական անգամ Սերժ Սարգսյանից պահանջելու կատարել 2011-ին ճաղերի հետևից տված խոստումը. «Ոստիկանները ինձ քաշքշեցին, գցեցին գետնին, և մի ոստիկան՝ սպիտակ բեղերով, կարծես հանցագործ էի, թևիցս ոլորեց, և երկու-երկու ոստիկանով գետնին գցեցին: Անցյալ շաբաթ մենք գնում էիք նամակների բաժին, անգամ չթողեցին ներս մտնել, թեև մյուս քաղաքացիներին թողնում էին»,- ասաց Նանա Մուրադյանը:
Կատարվածի կապակցությամբ դիմել են ոստիկանություն, որտեղից տեղեկացրել են, թե ընթանում է ծառայողական քննություն:
«Ոստիկանապետը հայտարարում է՝ եթե ոստիկանը քաղաքացու վրա ձեռք է բարձրացնում, նշանակում է այդ ոստիկանը թույլ է: Իսկ ես դիմում եմ ոստիկանապետին. եթե ոստիկանը ձեռք է բարձրացնում սպանված զինվորի մոր վրա, նրան գցում գետնին, ի՞նչ է այդ ոստիկանը, պարոն Գասպարյան»,- ոստիկանապետին դիմեց զոհված զինվորի մայրը:








































