ՄԱԿ-ը ի վիճակի չէ ստուգել Իսրայելի պնդումներն այն մասին, որ «Հըզբոլլահ» լիբանանյան շարժումը զենք է ստանում Սիրիայի հետ սահմանից: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Անվտանգության խորհրդի զեկույցում:
«Իսրայելի կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ լիբանանա-սիրիական սահմանով շարունակվում է զենքի խոշոր խմբաքանակի մատակարարումը «Հըզբոլլահին»: ՄԱԿ-ը լուրջ է վերաբերվում այդ պնդումներին, սակայն ի վիճակի չէ ինքնուրույն ստուգել դա»,- գրել է գլխավոր քարտուղարը:
Պան Գի Մունը նշել է, որ շարժման ներկայացուցիչները հերքել են քիմիական զենքի հավանական փոխանցման մասին պնդումները և հայտարարել, որ նպատակ չունեն ստանալ այն:
Իսրայելն ավելի վաղ իր մտահոգությունն է հայտնել «Հըզբոլլահին» քիմիական զենքի փոխանցման հեռանկարի կապակցությամբ և հայտարարել, որ նման գործողությունը կդիտարկվի որպես «կարմիր գծի» հատում:








































