ԱՄՆ Ազգային աերոտիեզերական NASA գործակալությունը հրապարակել է համայնապատկերային լուսանկար, որը կազմված է Cassini զոնդի կողմից արված 141 լայնանկյուն լուսանկարներից: Այս մասին հայտնում է ТСН-ը:
Լուսանկարում պատկերված է Սատուրնը: Հետին պլանում դասավորված են Երկիրը, Մարսն ու Վեներան: Համայնապատկերի լայնությունը կազմում է 651.5 հազար կմ՝ ներառյալ ամենաարտաքին օղակը, որի ներսում կարող է տեղակայվել Երկիր-Լուսին ողջ համակարգը:
Սատուրնի և նրա շրջակայքի հարյուրավոր լուսանկարները ստացվել են հուլիսի 19-ին՝ 4 ժամվա ընթացքում: Այնուհետև դրանցից ընտրվել են այն լուսանկարները, որոնք էլ դարձել են համայնապատկերի բաղադրիչ մաս: Լուսանկարում երևում են նաև Սատուրնի արբանյակները՝ Յանուսը, Պրոմեթեյը, Էպիմեթեյը, Էնցելադը, Տեֆիան, Պանդորան, Միմասը:
«Այդ համայնապատկերը տվել է մեզ մեծաթիվ բարձրորակ տվյալներ Սատուրնի դիֆուզային օղակների մասին՝ ցույց տալով տարօրինակ կառույցների բոլոր տեսակները, որոնք մենք այժմ փորձում ենք հասկանալ»,- ասել է Այդահոյի համալսարանի մասնագետ Մեթ Հեդմենը:










































