«Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրինագիծը առաջիկայում ԱԺ-ում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ: Դրանով եկող տարվանից մոտ 200 և ավելի տոկոսով բարձրանալու են շուրջ 600 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախարարների և պատգամավորների աշխատավարձերը: Սա այն դեպքում, երբ, օրինակ, թոշակները բարձրանալու են ընդամենը 15 տոկոսով. եթե միջին թոշակը 30 հազար դրամ է, թոշակները կբարձրանան մոտ 5 հազար դրամով: Ակնհայտ է, որ այսպիսով կմեծանա առանց այդ էլ մեծ սոցիալական բևեռվածությունը: Այս հարցերի շուրջ է «Առաջին լրատվական»-ի զրույցը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ:
– Որպես սոցիալական ոլորտի պատասխանատու՝ Ձեր կարծիքով, սոցիալական արդարության տեսանկյունից ի՞նչ հետևանք կունենա այն հանգամանքը, որ թոշակներն ավելանում են ընդամենը 15 տոկոսով, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 200 և ավելի տոկոսով:
– Եթե խոսում ենք աշխատավարձերի բարձրացման մասին, նախ արձանագրենք, որ խոսքը 20 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ծառայողների համար միասնական վարձատրության համակարգ ներդնելու մասին է, և էստեղ նպատակը ոչ թե աշխատավարձերի բարձրացումն է, այլ միասնական համակարգ ունենալը, որը պետական ծառայության բոլոր ոլորտների համար կձևավորի միասնական սկզբունքների ներքո աշխատանքի վարձատրության համակարգ: Երկրորդ` խոսքը վերաբերում է 165 հազար պետական ծառայողների աշխատանքի վարձատրության խնդրին: Եվ եթե Դուք նայեք օրենքի նախագիծը, կտեսնեք, որ բարձրաստիճան պաշտոնյաներին վերաբերող մասը ընդամենը այդ օրենքի հավելվածներից մեկն է: Եթե ամբողջականության մեջ նայում ենք համակարգը, պարզ է դառնում, որ պետական ծառայողների համար աշխատանքի վարձատրության միասնական համակարգ ներդնելը նշանակում է համապատասխան հիերարխիկ կառուցվածք աշխատանքի վարձատրության և այդ տրամաբանության ներքո, կարծում եմ, խնդիրն ավելի հստակ է դառնում:
– Պարոն նախարար, սակայն որքանո՞վ արդար համակարգ է դա, և արդյոք չի՞ մեծացնում սոցիալական բևեռվածությունը, քանի որ նույն Ձեր նշած 165 հազար աշխատակիցների աշխատավարձն ավելանում է 40 տոկոսով, թոշակները՝ 15 տոկոսով, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներինը` 200 և ավելի տոկոսով:
– 40 տոկոսը միջին չափն է: Եթե դուք խոսում եք 165 հազար պետական ծառայողների տարբեր խմբերի մասին, ուրեմն՝ 100 տոկոսով, 80 տոկոսով աշխատավարձի բարձրացումներ կան նաև միջին մակարդակի պաշտոնյաների աշխատավարձերի համար: Եվ այստեղ պետք չէ էդ ցուցանիշները վերցնել որպես հիմք, էն դեպքում, երբ մենք խոսում ենք համակարգ ներդնելու մասին, որը նաև սկզբունքներ է սահմանում և ճիշտ մոտիվացիոն համակարգ է ձևավորում: Դա, կարծում եմ, միայն նպաստ է բերելու պետական կառավարման համակարգի հետագա աշխատանքների արդյունավետության բարձրացման տեսանկյունից:
– Թոշակառուն, որի թոշակն ընդամենը մոտ 5 հազար դրամով է ավելանալու ներկա թանկացումների ֆոնին, ինչպե՞ս պիտի կարողանա գնահատել այն, որ նոր համակարգ է ներդրվում, և աչք փակի իրականության վրա:
– Բերեք էսպես նայենք հարցին. 2014 թվականի բյուջեի նախագծում 34 մլրդ դրամ լրացուցիչ նախատեսված է թոշակների չափերը բարձրացնելու համար և գրեթե այդքան` աշխատավարձերի բարձրացման համար: Տեսնում ենք, որ համամասնությունը, որը սահմանված է, համապատասխանում է մեր 2014 թվականի բյուջեով նախատեսված ծախսերի կառուցվածքին: Այլ խնդիր է, որ կենսաթոշակառուների պարագայում 34 մլրդ դրամը տրամադրվելու է 500 հազար կենսաթոշակառուներին, արդյունքում մեկ անձի հաշվով ավելի փոքր գումար է կազմում, քան աշխատավարձերի չափերի բարձրացման դեպքում:
– Ուզում եմ հասկանալ` թոշակառուն, որն իր թոշակով չի կարողանում ապրել ու աղբանոցից է շիշ ու հաց հավաքում, ինչպե՞ս մխիթարվի այդ խոսքերով, և արդյոք սա սոցիալական արդարության կիրառո՞ւմ է:
– Այսօր ՀՀ-ում շուրջ 500 հազար կենսաթոշակառու ստանում է կենսաթոշակ: Կառավարության քաղաքականության առաջնահերթությունների հիմքում է՝ հետևողականորեն բարձրացնել կենսաթոշակի չափերը, քանի որ կենսաթոշակառուները ենթակա են աղքատության ռիսկի և նաև աղքատության գծից ներքև են: Այս 34 մլրդ դրամ գումարն ուղղվում է նաև ծայրահեղ աղքատության գծից ներքև կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թոշակների բարձրացմանը, որի արդյունքում շուրջ 32 հազար կենսաթոշակառուների թոշակների չափերն ավելանալու են, և նրանք բարձրանալու են ծայրահեղ աղքատության գծից: Կարծում եմ՝ դա այսօր ռեսուրսների բաշխման տեսանկյունից արդյունավետ և սոցիալապես արդարացված ձևաչափ է:
– Ասել է թե՝ Դուք, որպես սոցապնախարար, չե՞ք մտահոգվում, որ սա սոցիալական անարդարության հիմքեր է դնում և մեծացնում է սոցիալական բևեռվածությունը:
– Ես վստահ եմ, որ մենք համակարգերի ներդրում ենք իրականացնում, և այդ համակարգերի ներդրումը մեր երկրի զարգացման գրավականն է:
– Պարոն նախարար, Ձեր կարծիքով` կարո՞ղ է հաջողություն ունենալ այն պետությունը, որն իր թոշակառուներին մատնում է սովի կամ ուղարկում է աղբանոց:
– Դուք շարունակում եք Ձեր թեզը, որին ես համաձայն չեմ: Ես նշում եմ կոնկրետ ցուցանիշներ, ես բերում եմ կոնկրետ տվյալներ, Դուք շարունակում եք ուղղակի ինչ-որ բաների մասին նշել, որ իրականության հետ կապ չունեն: Ես խոսում եմ նրա մասին, որ պետական բյուջեի 30 տոկոսն ուղղվում է սոցիալական պաշտպանության ոլորտին, և մեր երկրի համար ներկայումս դա բավականին բարձր ցուցանիշ է, որովհետև մեր երկրի ներկայիս պայմաններում մենք ունենք նաև բազմաթիվ այլ ծախսային գերակայություններ, բնականաբար, որոնց ևս միջոցներ պիտի ուղղվեն:
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի վերընտրությանը` հատկապես, որ կառավարության ներկայացուցիչները մի քանի ամիս առաջ հայտարարեցին, որ համաձայն չեն ՎՊ ֆինանսական բացահայտումներին:
– Լավ եմ վերաբերվում, որովհետև նաև աշխատանքի շարունակականության խնդիր կա և ստեղծված հիմքերի ենթակառուցվածքների, որոնք պիտի նպաստեն նաև մեր բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացմանը և ՎՊ-ի՝ որպես անկախ մարմնի հետագա կայացմանը:









































