Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկը ստանալուց հետո հանդիպումների շարք սկսեց խորհրդարանական խմբակցությունների, ապա արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Եղավ արտասահմանում։ Թեև հանդիպումների շարքը դեռևս շարունակվում է, սակայն ակնհայտորեն նկատելի է, որ արտախորհրդարանական որոշ ուժեր դուրս են մնացել ապագա նախագահի տեսադաշտից։ Համենայնդեպս, նրանց հետ հանդիպում դեռ չի եղել, իսկ թե առաջիկայում կլինի, թե ոչ՝ դժվար է ասել, քանի որ Արմեն Սարգսյանը սկսել է հանդիպել արդեն խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ երեկ «Սինոփսիս» էր այցելել, մարզային այցեր է կատարում։
Արմեն Սարգսյանի տեսադաշտից դուրս մնացած ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այնպես չէ, որ իրենք շատ են փափագում հանդիպել Սարգսյանի հետ։ Իրենց քաղաքական օրակարգում էլ հանդիպման հետ կապված հարց չկա։ Այսինքն՝ հետաքրքրված չե՞ք Արմեն Սարգսյանի անձով և առհասարակ նրա պատկերացումներով Հայաստանի ապագայի հետ կապված: «Իհարկե, հետաքրքրված ենք։ Լուրջ քաղաքական գործընթաց է տեղի ունենում։ Շուտով թե՛ նախագահի, թե՛ վարչապետի առումով նոր իրավիճակ է ստեղծվելու, կարգավիճակ է փոխվում։ Բնականաբար, այս ամենը չի կարող հետաքրքիր չլինել, բայց պարզապես հիմա մեր կուսակցության քաղաքական օրակարգում նախատեսված չէ հանդիպումը։ Գուցե առաջիկայում հանդիպման առաջարկ լինի, հանդիպում կայանա։ Բայց դա, կրկնում եմ, կախված է օրակարգի ձևավորումից, քննարկման ենթակա հարցերի ցանկից»,- ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ նոր նախագահը առանձնապես լիազորություններ չի ունենալու, բայց, այնուամենայնիվ, նախագահն այն անձը չէ, որը դուրս է մնալու ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացներից։ «Չորրորդ նախագահը հանդիսանալու է քաղաքական գործընթացների, Սահմանադրության երաշխավորը։ Այս առումով չի կարելի թերագնահատել նախագահի դերը հայաստանյան քաղաքական կյանքում։ Բնականաբար, երբ որ հարցերը ամբողջանան, ձևավորվի հանդիպման օրակարգը, ամեն բան պարզ կլինի։ Շտապելու բան չկա»,- նշեց Կարապետյանը։
Ինչ վերաբերում է հենց Արմեն Սարգսյանի անձին, նրա թեկնածությանը, ապա Կարապետյանը նշեց, որ իրենք խուսափում են անձին գնահատական տալուց։ Փորձում են գնահատական տալ երևույթներին, անձի ներկայացրած ծրագրերին: «Չեմ կարծում, որ ճիշտ կլինի անձին գնահատել՝ չնայելով իր ծրագիրը։ Անձամբ նրա անձի հետ կապված ես կարծում եմ, որ խնդիր չկա»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը։
Նշենք, որ Արմեն Սարգսյնաը առ այսօր չի հանդիպել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ։ Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպման առաջարկ չեն ստացել, իրենք էլ հանդես չեն գալու հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ։ Իսկ թե ինչու հանդիպում չեն նախաձեռնել կուսակցության հետ՝ Խաչատրյանը պատճառները չգիտի։
Հանդիպում առ այսօր չի եղել նաև ՀԺԿ-ի հետ։ ՀԺԿ վարչության անդամ Գրիգոր Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպման առաջարկ չեն ստացել։ «Հանդիպման առաջարկ չենք ստացել, եթե լինի առաջարկ՝ կքննարկենք։ Իհարկե, քննարկման ենթակա հարցեր կան, բայց այս պահին այլ բան չեմ կարող ասել»,- նշեց Գրիգոր Հարությունյանը։
Առանձին հանդիպում չի եղել նաև Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ի հետ։ Թեև Արմեն Սարգսյանը նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպել է Հանրային խորհրդի հետ հանդիպման շրջանակներում։
Վազգեն Մանուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցության հետ առանձին հանդիպում նախատեսված չէ, բայց հետաքրքիր կլիներ հանդիպումը, քանի որ քննարկման հարցեր իսկապես կան։ «Բայց ես կուսակցության անունից չխոսեմ, կուսակցությունը իր մեխանիզմներն ունի և որոշում կկայացնի»,- ասաց Մանուկյանը։
Մեր դիտարկմանը, թե որպես նախկին վարչապետ՝ ներկայիս նախագահի թեկնածուից ինչ սպասելիք ունի, մեր զրուցակիցը արձագանքեց. «Մեր հանդիպման ժամանակ մենք շատ հարցեր ենք քննարկել, հիմա չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ինչ վերաբերում է իր անձին, ապա ես նրան լավ չեմ ճանաչում, մոտիկից չեմ ճանաչում, բայց միշտ դրական վերաբերմունք եմ ունեցել իր անձի նկատմամբ։ Թե ինչ կլինի հետո՝ առաջիկայում պարզ կլինի»,- ասաց Մանուկյանը։
Ի դեպ, եթե 1996թ․Վազգեն Մանուկյանը հաղթեր ընտրություններում, Արմեն Սարգսյանը չէր լինի վարչապետ, ու դժվար էլ ներկայումս նրան հետ բերեին Լոնդոնից և ներկայացնեին որպես նախագահի թեկնածու։ Անդրադառնալով այդ դիտարկմանը՝ Մանուկյանը պատասխանեց. «Եկեք Կիկոսի պատմությունը չսարքենք։ Եթե 96-ին ես հաղթեի, նա չգար… գնաց դարձավ Կիկոսի պատմությունը։ Իսկ այսօր եկեք սահմանափակվենք մի կաթիլ մեղրով»։








































