Այս տարի «Գործազրկության նպաստ» ծրագրով նախատեսվել էր նպաստ վճարել 16 հազար 617 գործազուրկի, իսկ նրանց վճարվող ընդհանուր գումարը պետք է կազմեր 3 մլրդ 589 մլն 272 հազար դրամ: Սակայն տարվա ընթացքում ճշտումներ են կատարել, ինչի արդյունքում գործազրկության նպաստ ստացողների նախատեսվող թիվը նվազել է:
Այսպիսով, այս տարի գործազրկության նպաստ կստանա 15 հազար 462 գործազուրկ, իսկ նրանց հատկացվող ընդհանուր գումարը կազմելու է 3 մլրդ 286 մլն 577.8 հազար դրամ:
Հունվար-օգոստոս ամիսներին համար փաստացի նպաստ են վճարել 9 հազար 770 գործազուրկի, ինչը նշանակում է, որ հունվար-օգոստոս ամիսներին տնտեսել են մոտ 460 մլն 896 հազար դրամ:
Այս տնտեսված գումարները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է ուղղել այլ ծրագրերի իրականացմանը: Ոլորտի այս և մյուս ցուցանիշները նախարարը կներկայացնի կառավարության առաջիկա նիստին:












































