Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց՝ որևէ առաջընթաց սպասվո՞ւմ է արդյոք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում՝ հաշվի առնելով, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Վարչապետի խոսքով՝ առաջին տեղեկատվությունը, որ այս պահի դրությամբ հրապարակվել է, այն է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև կայանալու է հանդիպում: Կառավարության ղեկավարը նշեց, որ այս պահի դրությամբ լավատեսություն ներշնչող որևէ նոր տեղեկատվություն իրենք չունեն:
Նա նշեց, որ առաջին հերթին այս հանդիպման նպատակն է ապահովել երկխոսությունն ու բանակցային գործընթացի շարունակականությունը:
ՀՅԴ խմբակցության քարտուղարը վարչապետից հետաքրքրվեց նաև Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վերաբերյալ:
«Օդանավակայանի շահագործման խնդիրը մեր օրակարգում է, այն կարևորագույն խնդիրներից մեկն է, չափազանց կարևոր, որպեսզի այդ խնդիրը մենք կարողանանք զերծ պահել քաղաքական սպեկուլյացիաների դաշտ տեղափոխումից, ինչն այսօր բավական ագրեսիվ ձևով իրականացվում է Ադրբեջանի կողմից»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ իրենք մտադիր են այս նպատակին հասնել՝ առանց այս խնդրի շուրջ լրացուցիչ լարվածություն առաջացնելու:









































