Անհայտ անձինք գողացել են բոլոր 860 հազար օգտատերերի մուտքաբառերն ու գաղտնաբառերը, ովքեր գրացված են Apple-ի արտադրանքներին նվիրված MacRumors ֆորումում: Այս մասին հայտնել է կայքի տնօրինությունը՝ փոխանցում է Lenta.ru-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ օգտատիրական տվյալների գողությունը կատարվել է նոյեմբերի 12-ին: Ցանցահենային հարձակման հանգամանքները ներկայումս պարզվում են: Հետաքննության մեջ ներառվել են կողմնակի փորձագետներ:
Օգտատերերին կոչ է արվել շտապ փոխել գաղտնաբառերը: Բացի դրանից՝ տնօրինությունը խորհուրդ է տալիս նույն գաղտնաբառերը չկիրառել այլ կայքեր մուտք գործելու համար:
Arstechnica պորտալը, հղում անելով կայքի ղեկավարությանը, հայտնում է, որ անձնական տվյալները գողացվել են մոդերատորի օգտահաշվի միջոցով, որը հասանելիություն է ունեցել ամբողջ տեղեկատվությանը:
MacRumors-ը խոշոր կայքերից է, որոնք լուրեր ու շշուկներ են տարածում Apple-ի արտադրանքի վերաբերյալ: Այն բացվել է 2000 թվականին:







































