Նախագահական նստավայրի դիմաց նստացույց հայտարարած Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Խուդոյանը նոյեմբերի 11-ին կարել էր բերանը՝ ի նշան բողոքի: Նա այսօր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպելուց հետո վերադառնալով նստացույցի վայր՝ հայտարարեց, որ կդադարեցնի հացադուլն ու կքանդի կարերը:
Աշոտ Խուդոյանը հենց նստացույցի վայրում մկրատով կտրեց բերանի կարերը՝ նշելով, որ ընտանիքի հետ կվերադառնա Էջմիածին՝ այն հույսով, որ խնդիրը վերջապես կստանա արդարացի լուծում:
Նշենք, որ Աշոտ Խուդոյանի քույրը՝ Մարիետա Խուդոյանը, դիմել էր դատարան՝ պահանջելով տունը կիսել երեք մասի. մեկ երկրորդը հատկացնել Աշոտ Խուդոյանին, իսկ մնացած կեսը տրամադրել իրեն և մորը, քանի որ տունը ի սկզբանե իր պապը նվիրատվություն է կատարել իրեն:
Աշոտ Խուդոյանի հավաստմամբ՝ քրոջ խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ նա գործարքի է գնացել դատական մարմինների հետ, կեղծ թղթեր ձևակերպել և ներկայացրել դատարան:
Հավելենք, որ Աշոտ Խուդոյանի հետ նախագահական նստավայրի դիմաց գիշերել են նրա կինը և չորս երեխաները: Այսօր արդեն ընտանիքը կվերադառնա տուն:
Մանրամասները դիտեք տեսանյութում:








































