Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Մեր հայացքը ուղղված է միմիայն դեպի ապագան. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաքին և հանդես եկել ելույթով: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի և սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից:

Ներկայացնում ենք Բակո Սահակյանի ելույթն ամբողջությամբ:

«Մեծարգո՛ Նախագահ Արկադի Ղուկասյան,

Գերաշնո՛րհ Սրբազան Հայր,

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Արցախյան շարժման հարգելի՛ վետերաններ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, մեր ողջ ժողովրդին Արցախյան շարժման 30-րդ տարեդարձի առթիվ:

1988 թվականը բեկումնային եղավ հայ ժողովրդի պատմության մեջ: Երեք տասնամյակ առաջ այս օրերին համայն հայությունը համախմբվեց, դարձավ մի բռունցք՝ ողջ աշխարհին ազդարարելով սեփական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու համար մաքառելու իր պատրաստակամության մասին:

Համաժողովրդական այս պոռթկումը մարտահրավեր էր բռնատիրությանը, հալածանքներին, մարդու իրավունքների խախտումներին, բոլոր այն արհավիրքներին, որոնց միջով անցել է մեր ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում: Եվ այս շարժման պսակը դարձավ հայոց անկախ պետականության վերականգնումը:

Իր կամքին հակառակ գտնվելով օտար ու արհեստածին Ադրբեջանի կազմում՝ Արցախը դատապարտված էր հայաթափման և կործանման: Այդպիսի ճակատագիր ունեցան Նախիջևանը, Ադրբեջանին բռնակցված պատմական հայկական այլ տարածքներ: Բազմաթիվ ազգային փոխրամասնություններ այդ երկրում ենթարկվեցին բռնաձուլման և վերացան պատմական ասպարեզից:

Մենք այլընտրանք չունեինք և երբևիցե չենք համակերպվել գերության հետ՝ բազմաթիվ փորձեր ձեռնարկելով օտար լուծը թոթափելու ուղղությամբ: Ինչպես հանրաճանաչ ակադեմիկոս Անդրեյ Սախարովն է ժամանակին ասել՝ հայերի համար այս պայքարը կյանքի ու մահվան հարց է, Ադրբեջանի համար՝ ամբիցիաների:

Չնայած այդ ամենին՝ Արցախյան շարժումը ազգային-ազատագրական պայքարի այն բացառիկ օրինակներից մեկն է, որն ի սկզբանե որդեգրել էր պատմական արդարության և ոտնահարված իրավունքների վերականգնումը քաղաքակիրթ ու խաղաղ միջոցներով, միջազգային նորմերին ու կանոններին խիստ համահունչ:

Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին առանց վարանելու դիմեցին բռնությունների՝ կազմակերպելով խաղաղ հայ բնակչության կոտորածներ, ջարդեր, տեղահանումներ, որոնք դարձան մարդկության դեմ հանցագործությունների ամենագարշելի դրսևորումներից:

Այդ ցեղասպան քաղաքականության արդյունքում հարյուր-հազարավոր հայեր բռնատեղահանվեցին իրենց օջախներից, մեր պատմական հայրենիքի զանազան վայրերից, հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ոչնչացվեց հայ մշակույթի նյութական և ոչ նյութական հարուստ ժառանգությունը ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում:

Անմարդկային այս քաղաքականությունը Ադրբեջանը շարունակում է նաև այսօր: Բաքվի իշխանությունները չեն հրաժարվել Արցախյան հիմնախնդիրը ուժային տարբերակով լուծելու իրենց նպատակներից՝ դիմելով տարբեր սադրանքների, ամեն օր խախտելով զինադադարի ռեժիմը, ագրեսիվ քաղաքականություն վարելով Արցախի և Մայր Հայաստանի դեմ տեղեկատվական, քաղաքական, դիվանագիտական և այլ հարթություններում: Իսկ 2016 թվականի ապրիլին անցնելով լայնածավալ հարձակման՝ Ադրբեջանը պլանավորում էր սրընթաց պատերազմի միջոցով ոչնչացնել արցախյան պետականությունը:

Բոլոր այդ փորձերը ձախողվեցին, և թշնամին ետ շպրտվեց՝ տալով զգալի մարդկային, նյութական ու բարոյական կորուստներ: Այդպես եղել է և այդպես կլինի ընդմիշտ:

Դրա երաշխիքը մեր հզոր բանակն է, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, իր երկիրը և հուսալի ապագան սեփական ուժերով կերտող մեր ժողովուրդը, հայրենիքի պաշտպանության ժամանակ կոփված հայրենասեր ու հզոր անկախության սերունդը:

Պաշտպանության բանակը և հայոց զինված ուժերը մեր ազգային-ազատագրական պայքարի, մեր անկախ պետականության ամենամեծ ձեռքբերումներից են, մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգության ապահովման, նրա բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման ամենաազդեցիկ գործոններից մեկը:

Հավե՜րժ փառք մեր հերոսական և ազատարար բանակին:

Պետությունը այսուհետ էլ անելու է ամեն ինչ երկրի պաշտպանունակության ամրապնդման, մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովման, բանակը ժամանակակից զինտեխնիկայով հագեցման ուղղությամբ:

Այս գոյապայքարում, դժբախտաբար, մենք ունենում ենք նաև անդառնալի կորուստներ: Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքն են նվիրաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները: Նրանք զոհ չեն, նրանք մարտիրոսված հերոսներ են, ովքեր անմահացան և շարունակում են իրականացնել հայրենիքի պաշտպանի իրենց սուրբ առաքելությունը՝ ոգեշնչելով և պարտավորեցնելով՝ անմնացորդ ծառայել հայրենիքին, աշխատել ի փառս նրա զարգացման ու զորացման:

Մեր բոլոր կորուստները չսպիացող վերքեր են և միշտ կմնան մեր ժողովրդի հիշողության ու պատմության մեջ:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

1988-ի ոգին ու պատգամը երեսուն տարի անց շարունակում են մեզ համար ուղենիշ հանդիսանալ, և մեր հայացքը ուղղված է միմիայն դեպի ապագան:

Մենք շարունակելու ենք կերտել և կառուցել անկախ ժողովրդավարական ու սոցիալական երկիր, էլ ավելի ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Անկախ պետականությունը մեր ամենամեծ արժեքն է, և բոլորիս պարտքն է առավելագույնը անել նրա շարունակական զարգացման ու զորացման համար:

Վերջին երեք տասնամյակներում Արցախը անցել է պետականաշինության լուրջ ճանապարհ: Մեր ժողովուրդը արդյունավետորեն իրականացրել է իր առջև դրված ամենաբարդ առաջադրանքները: Մենք պաշտպանել ենք մեր պետությունը, նրա անկախությունն ու ազատությունը, վերականգնել ենք պատերազմի հետևանքով գրեթե հիմնովին ավերված տնտեսությունը և թևակոխել կայուն զարգացման փուլ:

Ներկա դրությամբ հաստատուն կերպով զարգանում են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, հետևողականորեն բարձրանում է ժողովրդի կենսամակարդակը: Ընթացքի մեջ է Արցախի միջազգային ճանաչման գործընթացը: Մեր երկիրը օրեցօր ճանաչելի է դառնում աշխարհին և բազմակողմանի կապեր հաստատում տարբեր միավորումների հետ:

Այս բոլոր տարիների ընթացքում մենք մշտապես զգացել ենք Մայր Հայաստանի հատուկ հոգատարությունը Արցախի նկատմամբ: Անհնարին է պատկերացնել մեր ձեռքբերումներն ու հաղթանակները առանց Հայաստանի Հանրապետության գործուն և անմիջական մասնակցության:

Այսօր էլ միասին լուծում ենք մեծ ու պատասխանատու խնդիրներ: Բոլորս հաստատակամ ենք և կանենք հնարավորը, որպեսզի վաղվա օրը լինի հուսալի, մեր հայրենիքը՝ ավելի հզոր ու բարեկեցիկ:

Հակառակորդը միշտ պետք է իմանա, որ մեզ հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման: Մեր ժողովուրդը, մեր բանակը և ողջ հայությունը ցանկացած պահի արժանի հակահարված կտան մեր ազատությանն ու անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր ոտնձգության:

Փա՜ռք ազատ ու անկախ Արցախին:

Փա՜ռք Մայր Հայաստանին:

Փա՜ռք հերոսական հայ ժողովրդին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում