Թուրքական Today’s Zaman պարբերականը երեկ տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Թուրքիան Շվեյցարիային խնդրել է աջակցել հայ-թուրքական կարգավորման համար ղարաբաղյան խնդրի լուծմանը, իսկ Հայաստանն էլ տվել է 5 շրջաններն Ադրբեջանին հանձնելու համաձայնություն:
Գրեթե ոչ մի կասկած լինել չի կարող, որ այս տեղեկատվությունն ընդամենը պրովոկացիա է` այն պարզ պատճառով, որ իրական լինելու դեպքում այն չի հրապարակվի նախապես, քանի որ դա միմիայն կխոչընդոտի այդ համաձայնությունների իրականացմանը: Եվ ըստ էության, այդ համաձայնություններն ինքնին չեն կարող լինել այնպիսին, որ հնարավոր լինի իրականացնել թաքուն, ինչպես օրինակ` հայ-թուրքական արձանագրությունների կազմումը: Վերջիվերջո այդ ամենը պետք է դառնա բոլորի սեփականությունը, իսկ այդ դեպքում Հայաստանի իշխանություններին դժվար կլինի նախանձելը:
Սակայն, թե որն է թուրքական այս պրովոկացիայի բուն նպատակը, այնքան էլ պարզ չէ: Եթե սա ընդամենը թուրքական ջանքերի շարքում է, որոնք բնականաբար ակտիվանալու են 2015-ին ընդառաջ, ապա հասկանալի է, որ Թուրքիան փորձում է ակտիվ, այսպես ասած` խաղաղասիրական դիվանագիտության իմիտացիա անել, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հանդես գա, այսպես ասած, հանդուրժողականության դիմակով: Ողջ խնդիրն այն է, թե Հայաստանի իշխանությունները այս ամենի հանդեպ պատասխանի ի՞նչ ռեսուրսներ ունեն:
Սերժ Սարգսյանը մեկնել է Ղարաբաղ և այնտեղ հետևել բանակային զորավարժությունների, այցեր կատարել զորամասեր: Սակայն սա, իհարկե, չի կարող լինել լիարժեք պատասխան, սա ցուցադրական ակտ է ընդամենը, իսկ դիվանագիտական պատասխանը անհրաժեշտ է: Սակայն պաշտոնական Երևանի զինանոցն այս առումով լիովին դատարկ է, և հավանաբար հենց դա զգալով էլ Անկարան որոշել է ակտիվացնել տեղեկատվական-դիվանագիտական գրոհը Երևանի ուղղությամբ:
Այդ գրոհը կարող է արգելափակել միայն Ռուսաստանը, որը, սակայն, դա բնականաբար չի անի հենց այնպես և Հայաստանին ամենայն հավանականությամբ հարկ կլինի վճարել Ռուսաստանի այդ ծառայությունների դիմաց: Իսկ քանի որ սեպտեմբերի 3-ից հետո Ռուսաստանն այդ հարցում մենաշնորհ ունի, ապա Հայաստանին հարկ կլինի այդ ծառայության դիմաց Ռուսաստանին վճարել սովորականից ավելի թանկ: Ըստ որում` մենաշնորհի պայմաններում ապահովված չէ նաև ծառայության որակը:
Մեր հասարակությունն այս իրավիճակին ամեն օր ականատես է լինում տնտեսության մեջ, կենցաղում, որտեղ մենաշնորհատեր օլիգարխները մատուցում են թանկ և լիովին անորակ ծառայություններ: Եվ այժմ այս իրավիճակը առաջացել է արտաքին քաղաքական ասպարեզում, և այդ տեսանկյունից իրավիճակը Հայաստանի քաղաքացիների համար առավել քան ընկալելի կլինի, իր ողջ պերճանքով ու թշվառությամբ:








































