ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ 3 տարի շարունակված պատերազմից հետո Իրաքի վերականգնումը կարժենա ավելի քան 88 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրաքի պաշտոնատար անձանց։
Իրաքցի պաշտոնյաների տվյալներով՝ կարճաժամկետ հեռանկարում օբյեկտների վերականգնման համար կպահանջվի մոտ 23 մլրդ դոլար, իսկ միջնաժամկետ հեռանկարում՝ ավելի քան 65 մլրդ դոլար։
Իրաքյան 7 նահանգներում, որոնց ամենաշատ վնասն է հասցվել մարտական գործողությունների արդյունքում, անմիջական վնասի չափը գնահատվում է 46 մլրդ դոլար։ Այդ վարչական միավորների տարածքում ավերվել է անշարժ գույքի 147 հազար օբյեկտ։ Զինված ուժերին հասցվել է 14 մլրդ դոլարի վնաս։ Եվս մոտ 10 մլրդ դոլար կազմում են կողմնակի ծախսերը։
Ներկայում Իրաքը ծրագրում է միջոցներ ներգրավել 157 նախագծերում, որոնց թվում է ավերված օդանավակայանների վերականգնումը, տրանսպորտի, գյուղատնտեսության, նավթային, նավթաքիմիական և նավթավերամշակող արդյունաբերության զարգացումը։









































