Մեր կենցաղում օգտագործվող շատ սարքավորումներ փոքր քանակությամբ ճառագայթներ են արձակում: Հատուկ նրանց համար, ում հետաքրքրում է, թե հատկապես ինչքան ճառագայթ են տվյալ պահին իրենք ստանում, թողարկվել է բջջային հավելված:
GammaPix-ը, որը ստեղծվել է Կոնեկտիկուտի մշակողների խմբի կողմից, սմարթֆոնի տեսախցիկը որպես տարածքի ճառագայթման սքաներ է օգտագործում: GammaPix-ը ստեղծվել է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության և Հեռանկարային ծրագրերի գործակալության աջակցությամբ, և վերջերս հաջողությամբ անցել է բոլոր փորձարկումները:
GammaPix հավելվածը վերլուծում է այն բոլոր լուսանկարները և տեսանյութերը, որոնք կատարվել են սմարթֆոնի տեսախցիկի միջոցով: Ճառագայթման ուժգնությունն արձանագրելու նպատակով հավելումը չափում է այն արագությունը, որով ճառագայթներն ընկել են տեսախցիկի մատրիցայի վրա, զգուշացնում է օգտագործողին, եթե նա վնասակար ճառագայթների ազդեցությանն է ենթարկվում:
Այս տեխնոլոգիան կարող է կիրառվել նաև հսկիչ տեսախցիկներում և վեբ-տեսախցիկներում, գրում է Mail Online-ը:
Մշակողները տեղեկացրել են նաև, որ հավելվածը մի քանի րոպեից մինչև մեկ ժամը հավաքում և պահում է ճառագայթման վերաբերյալ տվյալները, որն էլ հնարավորություն է տալիս հետևել ճառագայթման մակարդակի փոփոխություններին և դրա մասին տեղեկացնել սմարթֆոնի տիրոջը:
Մշակողներն այս ծրագրի համար ԱՄՆ ՊՆ-ի հետ 679.000 դոլար արժողությամբ պայմանագիր են կնքել: Ներկա պահին հավելվածը հասանելի է Android և IOS համակարգերով աշխատող սմարթֆոնների համար:













































