Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը այսօր ԱԺ նիստում Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի քննարկմանը նշեց, որ ՀՀ կառավարության դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը ներկա փուլում նպատակահարմար չէ:
Քոչարյանը մասնավորեցրեց՝ խոսքը դե յուրե ճանաչման մասին է, որովհետև դե ֆակտո Հայաստանը վաղուց է ճանաչել ԼՂ անկախությունը:
«Մեր հարաբերությունները կառուցվում են որպես երկու իրավահավասար սուբյեկտների հարաբերություններ, ավելին՝ պետք է ասեմ, որ կան հարյուրավոր երկկողմ պայմանագրեր, որոնք կարգավորում են երկու կողմերի հարաբերությունները: Հայաստանում բոլորի նպատակն է ԼՂՀ միջազգային ճանաչումը, և այդ նպատակը Հայաստանը հետապնդում է նաև բանակցային գործընթացում»,- ասաց նա:
ԱԳ փոխնախարարը շեշտեց՝ իրենք ամենևին կողմ չեն ԼՂ-ն ճանաչելով միայնակ մնալու հեռանկարին, ինչպես եղել է Կիպրոսի դեպքում: Քոչարյանը նշեց, որ բանակցություններն ընթանում են Մինսկի խմբի ձևաչափով, և այն, որ առաջընթաց չկա, պայմանավորված է միայն մեկ հանգամանքով՝ Ադրբեջանի դիրքորոշմամբ, իսկ քանի դեռ դիրքորոշումն այդպիսին է, նշանակում է՝ ստատուս քվոն պահպանվելու է, ընդ որում՝ այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը «խելքը գլուխը չի հավաքել»:
ԱԳ փոխնախարարը հիշեցրեց՝ օր չկա, որ համանախագահների շուրթերից չհնչի խաղաղ կարգավորման տարբերակը, և դա զսպաշապիկ է Ադրբեջանի համար: «Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից որևէ արկածախնդրություն անմիջապես հակադարձ հարված կստանա արդեն անվտանգության տեսանկյունից: Ադրբեջանի երազանքն է ձերբազատվել այդ ձևաչափից կամ առնվազն լղոզել այդ ձևաչափը:
Խնդիրն ամենևին այն չէ, որ մենք վախվորած ենք պատերազմից. ցանկացած առողջ մարդ երբեք չի ձգտի պատերազմի, եթե դա քո հայրենիքի պաշտպանության խնդիրը չէ: Այդ տեսակետից մենք շատ քաջ գիտակցում ենք, որ այն, ինչ այսօր Ադրբեջանը հայտարարում է՝ ռազմական ծախսերի առավելություն և այլն, և այլն, 90-ականներին այդ հարաբերակցությունն անհամեմատ ավելի շատ էր շեղվում դեպի Ադրբեջան, սակայն արդյունքը տեսանք»,- ասաց նա:
Քոչարյանը հավելեց, որ այս ամենի տեսանկյունից ներկա փուլում Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը լավ առիթ է Ադրբեջանի համար՝ ձերբազատվել Մինսկի խմբի ձևաչափից, և Ազգային ժողովը չպետք է այդ հարցում օգնի Ադրբեջանին:









































