Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի հին շենքի բակը, որտեղ նոյեմբերի 17-ին կկայանա նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը, չի կարող տեղավորել միջոցառմանը հետևել ցանկացող բոլոր մարդկանց: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն՝ փոխանցում է Gruziya Online-ը:
Նրա խոսքով՝ խորհրդարանի բակը, բնականաբար, չի տեղավորի այնքան ժողովրդի, որքան Ռուսթավելի պողոտան: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, և եթե երդմնակալությունն անցկացվեր պողոտայում, ապա երթևեկությունն արդեն պետք է սահմանափակվեր: Փանջիկիձեի խոսքով՝ քաղաքացիները կունենան միջոցառմանն ուղիղ եթերով հետևելու հնարավորություն:
Արտգործնախարարի խոսքով՝ քանի որ միջոցառումը թատերական մաս չի պարունակում, ռեժիսոր չի պահանջվում: Նա ընդգծել է, որ առաջիկա երդմնակալությունը պետությանը կարժենա ավելի էժան, քան նախորդները:
Սաակաշվիլիի երդմնակալության արարողությունները 2004 և 2008 թվականներին անցկացվել են խորհրդարանի շենքի առջև՝ Ռուսթավելի պողոտայում, և բոլոր ցանկացողները կարողացել են հետևել արարողությանը:











































