Ազգային ժողովում այսօր թեժ քննարկումների առիթ դարձավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած՝ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծը, ինչին հանրապետականների արձագանքը հատկապես բուռն էր:
«Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներին լսելիս տպավորություն է ստեղծվում, թե պատերազմի և խաղաղության հարցը կախված է Զարուհի Փոստանջյանից, մինչդեռ իմ խորին համոզմամբ՝ կլինի պատերազմ, թե ոչ, կախված է նրանից, թե Հայաստանի Հանրապետությունը ինչքանով է ունակ ինքն իրեն պաշտպանել: Եթե խորհրդարանական մեծամասնությունը՝ իշխանությունը, ձախողել է Հայաստանի պաշտպանունակությունը անհրաժեշտ մակարդակին դնելու գործը, թող խոստովանի, հակառակ դեպքում պետք չէ այդպիսի շեշտադրումներ անել՝ վայ, Զարուհի ջան, հետ վերցրու, թե չէ՝ հեսա պատերազմ կսկսվի»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ պատերազմ սկսվելու դեպքում մեծով-փոքրով պետք է կանգնել Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության գործին: ՀԱԿ պատգամավորը շեշտեց՝ իր խոսքը շեշտադրման մասին է. եթե ձախողել են, թող ասեն՝ ձախողել ենք:
Փաշինյանի խոսքին արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ նշելով, որ այնպիսի տպավորություն է, թե ընդդիմադիրները շատ հաճախ խնդիրներն արհեստականորեն բերում են, որպեսզի դարձնեն լայն քննարկման, նաև անհարկի շահարկումների առիթ, և փորձեն տարբեր հարցերում մեղադրանքներ ներկայացնել:
«Ես չեմ կարծում, որ որևէ նախագիծ, հատկապես՝ համազգային նշանակություն ունեցող խնդիրների շուրջ, պետք է դառնա իր հիմնական էությունից դուրս քննարկումների առարկա: Հայաստանի Հանրապետությունում կենսական նշանակություն ունեցող որևէ բան, իմ համոզմամբ, չի ձախողվում»,- ասաց նա:








































