Ազգային ժողովի նախասրահում նոյեմբերի 12-ին ՀՀԿ-ական պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը հոժարակամ պատասխանում էր լրագրողների հարցերին: Երբ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ է կարծում, որտեղի՞ց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին այդքան հարստություն, ունեցվածք, ի պատասխան՝ գեներալը խորհուրդ տվեց այդքան նախանձ չլինել:
«Ա՛յ մարդ, Զաքարյանը ընկեր չունի՞: Լավ ընկերներ ունի, լավ շրջապատ ունի, լավ մարդ ա Իշխանը, սաղս էլ օգնել ենք, սաղս էլ ձեռ ենք գցել, տունն ի՞նչ ա, որ չսարքի, մեր նման ընկերներ ունի: Ա՛յ մարդ, իմ նման ընկեր ունենաս, դու էլ կունենաս»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ արդյոք պաշտոնյան իրավունք ունի՞ այդքան մեծ հարստություն կուտակել, Սարոյանը պատասխանեց. «Տո խի՞ չունի, ընչի՞ չունի: Ընչի պաշտոնյան պտի սոված մնա՞, հլը ասա տենամ»: Երբ լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ ո՞վ պետք է մտածի ժողովրդի մասին, Սարոյանը տարակուսած նշեց. «Այսինքն՝ Զաքարյան Իշխանն էթա ժողովրդի տուն, ի՞նչ անի: Հիմա ո՞վ ա ում հետ կիսվում, որ Զաքարյանը կիսվի: Ասենք՝ Իշխանի տունն էլ ծախինք-կերանք, հետո՞»:
Գեներալին նաև մտահոգում էր լրագրողների ապագան: Նա նշում էր, որ «ջահել երեխեք» են, պիտի աշխատեն լավատես լինել: Ապա դիմելով իրեն հարց ուղղող լրագրողին՝ ասաց. «Սիրուն աղջիկ ես, փորձի լավատես լինել, դու տենց սիրուն մարդ էլ չես ունենա, մարդիդ կյանքն ուտելու ես»:
Լրագրողները, այնուամենայնիվ, չէին ընկրկում, փորձում էին ի վերջո Սարոյանին տեղեկացնել, որ հիմա արդեն երկրի վիճակը մտահոգիչ է, արտագաղթի մեծ ալիք կա, սակայն գեներալն իր լավատեսությունը չէր կորցնում: «Դուք հիշու՞մ եք՝ սովետական միության ժամանակ ոնց էինք ապրում: Էս ազգը միշտ էլ պանդուխտ ա եղել, էթում ֆռում-գալիս ա»,- ասաց նա: Հիշեցմանը, թե՝ մեկ միլիոնի չափ աղքատ կա, Սարոյանը պատասխանեց. «Հա, բա, էս քյասիբ պետության մեջ որտեղի՞ց բերենք այդքան հարստություն, գնա, նայի՝ Ռուսաստանում ու Ուկրաինայում քանի միլիոն քյասիբ կա»:









































