ԱԻՆ-ը լիովին պատրաստ է ձմռան գալուն՝ թե՛ տեխնիկապես, և թե՛ մարդկային ռեսուրսների պատրաստականության առումով: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
«Բոլոր մարզերն ապահովված են ճանապարհները ձյունից մաքրող համապատասխան տեխնիկայով: Փրկարարները պատրաստ են ամեն պահի սպասարկել մեր բնակչությանը, օգնել ձնաբքի մեջ մնալու և այլ տեսակի արտակարգ իրավիճակներում: Տարածքային ստորաբաժանումները շատ լավ են աշխատում, այլ հարց է տարերային արհավիրքի չափը: Լինում են դեպքեր, երբ ամբողջ ճանապարհն ուղղակի անհնար է տեղումների ժամանակ ձյունից մաքուր պահել»,- ասաց նա:
Անդրադառնալով բազմահարկ շենքերի վերելակների անմխիթար վիճակին՝ Հովհաննես Խանգելդյանը նկատեց, որ դրանք շահագործվում են գերբեռնվածությամբ՝ անգամ այն դեպքերում, երբ մարդիկ տեղյակ են վերելակի անսարքության մասին:
«Ինչ վերաբերում է վերելակների վթարներին, ապա դրանք միշտ են եղել: Պարզապես վստահ եմ, որ տեխանվտանգության մեր ընկերները զգուշավոր են այս հարցում: Եթե նրանք կոնկրետ պահի համար շահագործման թույլատրման դրական եզրակացություն են տալիս վերելակին, ուրեմն ոչ մի կասկած չի կարող լինել: Միաժամանակ, դրական եզրակացություն ստացած վերելակը մեկ ամիս անց կարող է շարքից դուրս գալ: Այսինքն՝ եզրակացությունն ուժի մեջ է առավելագույնը մեկ ամիս»,- ասաց նա:
Հովհաննես Խանգելդյանը նաև տեղեկացրեց, որ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին անցած տարի ստացվել է 1 միլիոն 305 հազար զանգ: «2013-ի առաջին 9 ամիսներին ստացել ենք 1 միլիոն 40 հազար ահազանգ: Բարեբախտաբար, ահազանգերի մեծ մասը կենցաղային բնույթի են, ավելի քիչ մասը վերաբերում են արտակարգ իրավիճակների:
Գրանցում ենք նաև զանգեր, որոնք առնչվում են ոստիկանությանն ու շտապօգնությանը»,- նշեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը:










































