Կալիֆորնիայի Սան Քվենտին բանտում ցմահ ազատազրկման պատիժը կրող մարդասպանը երդվյալ ատենակալների ժյուրիի որոշմամբ 65 հազար դոլար կստանա։ Բանն այն է, որ պարզվել է՝ կին բանտապետը նրան վերածել է սեքս-ստրուկի։ San Francisco Chronicle-ի հաղորդմամբ՝ բանտարկյալ Ուիլյամ Կորդովան դատական հայց է ներկայացրել Սիլվիա Պուլիդոյի դեմ։
Տղամարդը հաստատում է, որ Սիլվիան իրեն հարկադրել է սեքսի՝ բանտից դուրս գալու համար փաստաբանական ծառայությամբ ապահովելու խոստման դիմաց։ 57-ամյա Կորդովան ասել է, որ սեռական շահագործումը սկսվել է 2010 թվականին։ Կորդովայի խոսքով՝ երբ ինքը փորձել է խզել հարաբերությունները, Պուլիդոն մեղադրել է իրեն կարգապահական խախտումների մեջ, ինչի պատճառով ստիպված է եղել 9 ամիս անցկացնել մենախցում։
Պուլիդոն այլևս բանտում չի աշխատում։ Նա և իր փաստաբանները մեկնաբանությամբ հանդես չեն եկել։ Կորդովան ցմահ ազատազրկման պատիժն է կրում 1981 թվականին տեղի ունեցած երկրորդ աստիճանի սպանության և կողոպուտի համար։









































