Լեդի Գագայի նոր` Artpop ալբոմի երաժշտական պրոդյուսերը ազգությամբ ռուս դիջեյ Անտոն Զասլավկինն է, ով հանդես է գալիս Zedd կեղծանվամբ: Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:
Գագայի հետ Zedd-ը ծանոթացել է Լոնդոնում՝ երաժշտական փառատոներից մեկի ժամանակ:
«Նա մոտեցավ ինձ համերգի ժամանակ և ասաց` արի միասին աշխատենք: Ես նրա համար 90 վայրկյան տևող դեմո ձայնագրեցի, իսկ հետո նա զանգահարեց և առաջարկեց դառնալ իր ալբոմի պրոդյուսերը»,- ասել է երաժիշտը:
Նրանց համագործակցության արդյունքներից մեկն էլ Aura երգն է, որը դարձել է «Մաչեթեն սպանում է» ֆիլմի սաունդթրեքը:
«Դա այնպիսի խելահեղ երգ է, որը չէի կարծում, թե նրան դուր կգա: Aura-ն տարբեր ոճերի խառնուրդ է: Այն, որ Գագան հավանեց դա, վկայում է այն մասին, որ նա իսկապես չի աշխատում լսարանին բավարարելու համար»,- նշել է դիջեյը:










































