Այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրապարակավ նկատողություն արեց փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, որ չի կարողանում դահլիճին կարգի հրավիրել: Վերջինս նիստն էր վարում այն ժամանակ, երբ Հ. Աբրահամյանը ներկայացնում էր օրակարգը: Եվ ԱԺ նախագահի խոսելու պահին էլ պատգամավորներն աղմկում էին: Հ.Աբրահամյանը հավանաբար նաև դահլիճի այդ վերաբերմունքից նեղված իր «մուռը» հանեց Է.Շարմազանովից:
Այսօր նիստի սկսվելուն պես խորհրդարանն այնքան ակտիվ էր, որ մոտ 1 ժամ նախագահողներին չէր հաջողվում քվեարկություններն ավարտին հասցնել, օրակարգը հաստատել ու անցնել օրինագծերի քննարկմանը: Բանն այնն է, որ այսօր քվեարկության էին դրված բավականին աղմկոտ երկու օրինագծեր՝ ««Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագծերը: Այս երկու նախագծերի հետ կապված՝ բազմաթիվ պատգամավորներ կարծիքներ էին հայտնում, և այդպիսով հետաձգվում էր օրինագծերի քննարկման պահը:
Բացի այդ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե «անբարոյական» է կողմ քվեարկել բարձրաստիճան պաշտոնյաների և իշխանության ներկայացուցիչների աշխատավարձը բարձրացնելու համար: Նրա այս հայտարարությունից հետո հատկապես Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներն ակտիվորեն սկսեցին ելույթի իրավունք վերցնել: Այնուհետև Հ. Աբրահամյանը խոսելու իր հերթին պատգամավորներին հորդորեց չշեղվել հարցի էությունից և բովանդակային ելույթներ ունենալ, ու իմիջիայլոց հայտարարեց, որ եթե նիստ վարողը չի կարողանում դահլիճին կարգի հրավիրել, ինքն է ստիպված դա անել:
Նիստն այդ պահին վարում էր Է. Շարմազանովը, և այնպես չէ, որ նա նույն կարգի դիտողություններ չէր անում: Հակառակը, նա մի քանի անգամ նույնիսկ պատասխանեց Կառավարության և ընդհանրապես իշխանությունների հասցեին ուղղված՝ պատգամավորների քննադատություններին, ու պարբերաբար նրանց հորդորում էր վարման կարգի վերաբերյալ հայտարարություն անելու հնարավորությունը չվերածել օրինագծի բովանդակային քննարկման: Է.Շարմազանովը նույնիսկ մի քանի պատգամավորների ձայն չտվեց և «նիստը վարողը ես եմ, դնում եմ քվեարկության» հայտարարելուց հետո՝ առաջին օրինագիծը դրեց քվեարկության: Պարզապես այդ պահին ԱԺ նախագահին հավանաբար պետք էր հրապարակավ նկատողություն անել Է. Շարմազանովին, ինչը նկատեցին թե՛ պատգամավորները, թե՛ նիստին հետևող լրագրողները: Եվ այնպես չէ, որ Հ. Աբրահամյանի հորդորներից հետո պատգամավորները դադարում են ելույթ ունենալ: Չի բացառվում նաև, որ Հ.Աբրահամյանին դուր չի եկել իր ներկայությամբ Է.Շարմազանովի հենց այդ՝ «նիստը վարողը» ես եմ արտահայտությունը և փորձեց իր առավելությունը ցուցադրել նրա նկատմամբ: Միգուցե ԱԺ նախագահին թվացել էր, որ այդ պահին Է.Շարմազանովն իր լիազորությունների նկատմամբ ոտնձգություն է անում:
Պարզապես այստեղ խնդիրն այն է, որ երբ ընդդիմադիր պատգամավորներն իշխանությունների նկատմամբ քննադատական կամ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում, կոալիցիոն պատգամավորների մոտ քննարկումներ են սկսվում, թե նախագահությունում նստած մարդիկ ինչու են դա թույլ տալիս կամ «համարժեք» պատասխան չեն տալիս: Եվ միշտ կարծիք է լինում, թե Հ. Աբրահամյանն ընդդիմադիրներին միշտ էլ թույլ է տալիս վիրավորել Սերժ Սարգսյանին կամ Կառավարությանը: Եվ որ դա իր համար նույնիսկ ձեռնտու է, քանի որ նման դեպքերում նրանց ֆոնի վրա ինքն ավելի ժողովրդավար կամ դրական կերպար կարող է երևալ, հատկապես որ որևէ պատգամավոր, նույնիսկ ամենաընդդիմադիրը մինչև հիմա չի հանդգնել բարձրացնել նաև ԱԺ նախագահի հետ կապված որևէ հարց ու քննադատել նրան:
Իսկ Հ. Աբրահամյանը, Է. Շարմազանովին նման նկատողություն անելով, կարծես թե ցանկանում էր ցույց տալ, որ ոչ թե ինքը, այլ նա նիստը վարելու իր հերթին չի կարողանում այնպես անել, որ դահլիճից Ս. Սարգսյանին ու Կառավարությանը չվիրավորեն:








































