Ազգային ժողովն ընդունեց աշխատավարձերի բարձրացման մասին օրինագիծը, որը վերաբերում է պետական ծառայողներին և բարձրաստիճան անձանց: Այս նախագծի, այսպես ասած, բարոյական կողմի մասին առիթներ եղել են անդրադառնալու: Երբ երկրում աղքատությունը 35 տոկոս է, և մեծ է արտագաղթը, մեղմ ասած՝ կասկածելի բարոյական աուրա է ստանում սեփական աշխատավարձերը բարձրացնելու նախաձեռնությունը, ինչը անում են իշխանությունները: Միևնույն ժամանակ՝ խնդիրն ունի ուշագրավ կողմեր:
Իշխանական մեծամասնության պատգամավորներն ու կառավարության պաշտոնյաները, նաև Սերժ Սարգսյանը, իհարկե, աշխատավարձի հույսին չեն, և միամիտ է կարծել, որ իրենց աշխատավարձերն են բարձրացնում: Սրանք կաթիլներ են նրանց ունեցածի և ունեցվածքի ծովում: Այստեղ խնդիրը պետական ծառայողների, քաղծառայողների, իշխանության շարքերի աշխատավարձերը բարձրացնելն է: Այսինքն՝ ակնհայտորեն տեղի է ունենում մոտիվացման մի պրոցես, որի կոնկրետ նպատակները և թիրախները առայժմ պարզ չեն: Սակայն որ գործ ունենք նման պրոցեսի հետ՝ առավել քան պարզ է: Պարզ է ոչ միայն այս օրինագծի, այլ նաև Սերժ Սարգսյանի՝ վերջին շրջանում սկսած մեկ այլ գործընթացի արդյունքում:
Նա սկսել է այցելել նախարարություններ և, այսպես ասած, պաշտոնական խորհրդակցություններից բացի՝ նաև անմիջական շփումներ ունենալ աշխատակազմի որոշ անդամների, որոշ աշխատակիցների հետ, կոչ անել նախարարության ղեկավարներին լավ նայել աշխատակիցներին: Այս պրոցեսի ընդհանուր թիրախը ակնհայտորեն պետական կառավարման համակարգում Սերժ Սարգսյանի լեգիտիմության խնդիրն է:
Ակնհայտ է, որ և աշխատավարձերի բարձրացմամբ, և նման այցերով նախարարություններ, և, այսպես ասած, շարքային շփումներով Սերժ Սարգսյանը փորձում է իշխանական շարքերում լեգիտիմություն ձեռք բերել: Իսկ սա շատ կարևոր խնդիր է, որովհետև նման լեգիտիմության բացակայության պայմաններում իշխանական շարքերում կորում է մի շատ կարևոր մոտիվացիա, որը ըստ էության կտրում է պետական կառավարման համակարգում շարքերի և վերևների հոգեբանական կապը: Իսկ հոգեբանական կապի կտրվածությունը շատ կարևոր դետալ է իշխանական բուրգի կառուցվածքում: Այդ բուրգի ֆիզիկական կամ նյութական միատարրությունը արագորեն կքանդվի, եթե կորի հոգեբանական կապը, հոգեբանական միատարրությունը: Սերժ Սարգսյանը հենց սա է ուզում պահպանել:
Այս կապն է ներկայումս հայտնվել վտանգի տակ և դարձել իշխանությունների համար առաջնային գլխացավերից մեկը: Այսինքն՝ իշխանական բուրգը դադարել է իրեն զգալ մեկ մարմին: Սրա պատճառները բազմաթիվ են, որոնք միահյուսված են և նյութականի մեջ, ինչը փորձում են փոխհատուցել աշխատավարձերի մասին օրենքով, և նաև ընդհանուր բարոյահոգեբանականի, երբ համակարգը տեսնում է, թե ինչպես է բարձրագույն ղեկավարությունը հրապարակային նվաստացումների ենթարկվում արտաքին ասպարեզում:
Այս պայմաններում բուրգի ներսում սկսվում է տրամադրությունների կոռոզիա, որն էլ փորձ է արվում կանխել, քանի դեռ այն չի հասել մի այնպիսի աստիճանի, որից հետո այլևս ուշ կլինի ինչ-որ բան փոխել, և համակարգը լիովին կքայքայվի:
Լուսանկարը՝ Photolure-ի








































