Ազգային ժողովի հերթական քառօրյայում քննարկման է դրված Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը: ԱԺ նոյեմբերի 11-ի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Իշխան Զաքարյանը ներկայացավ ԱԺ պատգամավորներին: Առիթն օգտագործելով՝ նա նաև շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին՝ իրեն կրկին վստահելու և առաջադրելու համար։ Զաքարյանի խոսքով՝ Վերահսկիչ պալատն այսուհետ Ազգային ժողովի հետ նոր սկզբունքներով է աշխատելու, այն է`բաց, հրապարակային քննարկումներ են լինելու ցանկացած խմբակցության հետ: Նա նշեց, որ իրենք ամբողջությամբ անցնում են ծրագրային վերահսկողության տիրույթ, ոչ թե լինելու են ընդհանուր արտահայտություններ ու գնահատականներ, այլ իրականացվելու է կոնկրետ վերահսկողություն, կոնկրետ գնահատականներ են լինելու կոնկրետ ծրագրերի վերաբերյալ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Զաքարյանին, նկատեց, որ ակնհայտ է՝ ինչ բացահայտում էլ անի Վերահսկիչ պալատը, թեև ԱԺ ամբիոնից աղմկահարույց բացահայտումներ են հնչել, այդուհանդերձ, ինչ-որ մի օղակում այդ ամենն ընդհատվում է: «Տպավորություն է, որ խոսվում է, ասվում, և պատասխանատվության ենթարկվում են կատարողները: Հիմա դուք էլի օրինակ կբերեք Վազգեն Խաչիկյանին։ Իմ տպավորությամբ` Վազգեն Խաչիկյանին պետք է սարքել թանգարանային էքսպոնատ. անընդհատ օրինակ է բերվում։ Եկեք թողնե՛նք Խաչիկյանին, նա կմնա որպես թանգարանային էքսպոնատ, եզակի նմուշ: Այդուհանդերձ, ի՞նչ գործիքներ են պակասում ՎՊ-ին, որ կարողանա գործընթացը հասցնել մինչև վերջ»,-հետաքրքրվեց ԲՀԿ պատգամավորը: Ի պատասխան՝ Զաքարյանը նշեց, որ ՎՊ-ն պետք է կարողանա այդ ստանդարտներով իր հաշվետվությունը ներկայացնել: Այդ ստանդարտները ենթադրում են երեք շատ կարևոր օղակ, առաջինը ՎՊ-ի բացահայտումներն են, երկրորդը՝ այն բացատրությունները, մեկնաբանությունները, որ տրվում են ՎՊ բացահայտումներից կամ ստուգումներից հետո (դրանք կարող են ընդունվել և չընդունվել ՎՊ-ի կողմից. օրենքը հստակ ասում է, եթե չեն ընդունում, միակ ճանապարհը դատական իշխանությանը դիմելն է։
«Այս ճանապարհն է ուղղակի, նոր մոտեցում կամ նոր ճանապարհ: Ցավոք սրտի, մենք այս պահին առաջարկել չենք կարող, որովհետև դա ամբողջ աշխարհում ընդունված ձև է»,- ասաց նա:









































