Թուրքիայի իշխանությունները, որոնք Սիրիայի նախագահ Բաշար Ասադին բացահայտ անվանել են «ահաբեկիչ», հայտարարել են, որ ռազմական գործողության են պատրաստվում Եփրատի արևելյան ափին: Այս մասին հաղորդում է «Անադոլու»-ն:
«Սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում ոչնչացվել են 932 քրդեր և ԴԱԻՇ-ի գրոհայիններ: Թուրք զինվորականները պատրաստ են գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում՝ Մանբիջում, եթե ահաբեկիչները չլքեն այդ գոտին»,- հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը:
Նա ընդգծել է՝ եթե քրդերը, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ, չլքեն Մանբիջը, ապա «մենք կշարժվենք Մանբիջ և Եփրատից արևելք»:
Թուրքիան Սիրիայի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսել է հունվարի 20-ին:








































