Անհայտ անձինք կիրակի երեկոյան սպանել են Իրանի արդյունաբերության և առևտրի փոխնախարար Սաֆդար Ռահմատաբադիին՝ հայտնում է Associated Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել Իսլամական Հանրապետության մայրաքաղաքի արևելյան արվարձանում: Ոստիկանությունը կասկածում է, որ սպանությանը մասնակից է նա, ով պաշտոնյայի հետ եղել է նրա մեքենայում:
Ռահմատաբադին նոր նախագահ Հասան Ռուհանիի կառավարությունում չի եղել լայն ճանաչում վայելող գործիչ, սակայն սպանությունը տեղի է ունեցել «վեցյակի» հետ Իրանի բանակցությունների աշխուժացման ֆոնին:
Իրանում վերջին տարիներին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ու գիտնականներ են սպանվել: Իշխանությունները դրանում մեղադրում են ամերիկյան և իսրայելական հատուկ ծառայություններին:









































