«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը անձնական երաշխավորագիր է ներկայացրել սիրված դերասան Վարդան Պետրոսյանին կալանքից ազատելու կապակցությամբ:
Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ անձամբ չի ճանաչում Վարդան Պետրոսյանին, սակայն սիրում և բարձր է գնահատում նրա արվեստը:
Երաշխավորագրի մեջ մասնավորապես նշված է հետևյալը. «Սույնով ես` Արամ Զավենի Սարգսյանս, որպես ՀՀ քաղաքացի, ճանաչելով Վարդանին և ընդունելով իր բարձր արվեստը, իմ անձով ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ եմ նրա կողմից գործի քննությանը առավելագույնս նպաստելու վարքը և պատրաստակամությունը: Խնդրում եմ Վարդանի փաստաբաններին սույն գրությունը համարել որպես պաշտոնական ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ` ՀՀ դատական ատյաններում նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու գործառույթներում»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին դերասան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախման հետևանքով մահվան ելքով վթար էր տեղի ունեցել:
Նշենք, որ վթարի հետևանքով դերասան Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էր տեղափոխվել ևս 6 մարդ. «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:







































