Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր` փետրվարի 2-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամի որպես վկա հարցաքննելու մասին: Ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ պաշտպանական կողմը ցանկանում է որպես վկաներ հարցաքննել այն անձանց, որոնք Ժիրայր Սեֆիլյանի հետ մարտական ուղի են անցել, ծանոթ են Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական գործունեությանը:
Նշենք, որ այս գործով դատաքննությունը լրացնելու փուլն է, պաշտպանական կողմը միջնորդություններ է ներկայացնում:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին և Հովհաննես Պետրոսյանին:







































