Դամասկոսի օդանավակայանում Սոչիից ժամանած ինքնաթիռը հրթիռակոծության թիրախ դարձնելը չի բացառվում, որ կապված լինի Սոչիում կայացած հանդիպման հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ով եղել է ինքնաթիռում:
«Ինքնաթիռը վայրէջք էր կատարում, երբ հրթիռներ արձակվեցին: Բարեբախտաբար, կարողացանք խուսափել բախումներից: Համապատասխան ուժերը շատ արագ ապահովեցին անհրաժեշտ պայմաններ, և բոլոր ուղևորները դուրս բերվեցին: Ասեմ, որ օդանավում եղած ուղևորների հիմնական մասը Սոչիի հանդիպմանը մասնակցած պատվիրակության անդամներն էին: Ինձ հետ էր նաև Սիրիայի խորհրդարանի մեկ այլ հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը: Ընդհանուր առմամբ, մոտ 180 ուղևոր կար: Սա Սոչիի հանդիպման հետ կապված մեր առաջին թռիչքն էր, չի բացառվում, որ հենց այդ համատեքստում է ինքնաթիռը թիրախավորված եղել: Եթե հաջողվեր վնաս հասցնել, կարող էր քարոզչական իրարանցում ստեղծվել: Փառք Աստծո, մարդկային վնաս չկա»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:
Պատգամավորն, անդրադառնալով Սոչիի հանդիպմանը, նշեց, որ այն շատ լավ նախաձեռնություն էր: Կողք կողքի, նույն սրահում, թեկուզ երբեմն բարձր ձայնով, երբեմն հանդարտ, բայց արդեն գործնական քայլերի սկիզբն էր նախանշվում:
«Չենք կարող ասել, որ տեղի ունեցան կոնկրետ իրագործումներ, բայց այս սկիզբն արդեն առաջին հանգրվանն է: Ասեմ, որ Ռուսաստանը, նախաձեռնելով այս հանդիպումը, շատ լավ էր կազմակերպել, հրաշալի պայմաններ էին: Մասնակիցները լսում էին միմյանց, հարցեր էին բարձրացնում: Կարող ենք ասել, որ խաղաղության հաստատման, երկխոսելու պատրաստակամությունը բոլոր կողմերից էր հնչում, բայց դրանք գործնականացնելու հարցում ամեն մեկն իր պատկերացումներն ունի: Սա երկխոսության սկիզբն էր: Սիրիան միշտ էլ երկխոսության պատրաստ է խաղաղության վերականգնման, բնականոն կյանքի վերաաշխուժացման համար»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:








































