Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է սկսվեր Դավիթ Թամրազյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Դավիթ Թամրազյանը, «անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած» Անուշից (անունը փոխված է), դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Անուշի վարձակալած բնակարան, ասել, իբր անակնկալ նվեր ունի հանձնելու:
Դավիթն աղջկան խնդրել է փակել աչքերը:
Երբ աղջիկը նվերի ակնկալիքով փակել է աչքերը, Դավիթ Թամրազյանը, ըստ մեղադրանքի, խոհանոցային դանակով կտրել է նրա կոկորդը և սպանել:
Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Թամրազյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը՝ սեփականատիրոջը պատճառելով 680 հազար 437 դրամի գույքային վնաս:
Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության և հրկիզման եղանակով ուրիշի գույքը վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:
Դավիթ Թամրազյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Այսօր նշանակված դատական նիստը չի կայացել, որովհետև նախագահող դատավորը պետք է լիներ Վազգեն Ռշտունին: Սակայն դատավոր Ռշտունու լիազորությունները դադարեցված են՝ դատախազական աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Դավիթ Թամրազյանի գործն այսօր մակագրվել է նույն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին:







































