Հալեպի կենտրոնական հատվածում մարտեր չկան, մարտերը տեղի են ունենում հատկապես օդանավակայանի, էլեկտրակայանի շրջակայքում: Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռայիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքը ամբողջությամբ խավարի մեջ է, բացակայում է էլեկտրականությունը:
«Արդեն քանի օր է՝ այս վիճակն է, վերջին օրերին օրական մեկ-մեկուկես ժամով էին տալիս էլեկտրականություն՝ այլ քաղաքներից ձեռք բերված հոսանքի շնորհիվ: Իսկ արդեն երեկվանից ամբողջությամբ հոսանք չկա, հետևաբար նաև՝ շատ շրջաններում ջրի լուրջ խնդիր կա, որովհետև երբ էլեկտրականություն չկա, բնականաբար՝ պոմպերը, հատկապես բարձրահարկ շենքերում, չեն կարողանում ջուր հասցնել, և ընդհանրապես քաղաքում առկա է ջրի տագնապ: Անշուշտ, կան շատ տեղեր, որոնք էլեկտրական փոքրիկ սարքերի շնորհիվ կարողանում են առօրյա մակարդակով այս հարցը լուծել, ինչը միայն փոքր թվով մարդկանց է հաջողվում»,- ասաց նա:
Ռայիսյանի խոսքով՝ քաղաքում չկա սննդամթերքի լուրջ տագնապ. շուկայում սննդամթերք կա, սակայն սննդամթերք ունենալուց հետո հիմնական հարցը սառնարանում այն պահելն է, իսկ սառնարանները էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով չեն աշխատում: Ուստի մարդիկ սահմանափակ քանակությամբ են գնումներ կատարում: Քաղաքային հեռախոսը նորմալ աշխատում է, իսկ բջջայինի դեպքում երբեմն խնդիրներ են ծագում, ինչը ևս էլեկտրաէներգիայի հետ է կապվում, ինտերնետին միանալն անհնար է:
«Քաղաքից դուրս գալ, հատկապես վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում, ընդհանուր առմամբ հնարավոր է. կառավարությունը կարողացավ իր վերահսկողության տակ վերցնել Հալեպից հարավ՝ Լիբանան, Դամասկոս կամ Լաթաքիա ուղղվող մայրուղին, որը հատկապես լուրջ վտանգ էր ներկայացնում: Այդ ամբողջ հատվածը վերահսկելի է, այնպես որ՝ այս օրերին լրիվ անվտանգ է քաղաքից դուրս ելումուտը, և այս ճանապարհով է, որ սննդամթերք կամ վառելանյութ է հասցվում»,- ասաց նա:
Ռայիսյանը նշեց, որ հայ համայնքը նույնպես ունի առօրյա տնտեսական-կենցաղային դժվարություններ և, ինչպես բոլորը, փորձում է դուրս գալ այդ իրավիճակից:
«Միակ խնդիրը մնում են զանազան շրջաններում անակնկալ գնդակոծությունները, մերթընդմերթ նաև՝ հայաբնակ թաղամասերում: Դրանք երբեմն պատճառում են մարդկային կամ նյութական կորուստներ: Օրեր առաջ մի կին մահացավ գնդակոծության հետևանքով: Երբեմն էլ վնասվում են հայկական ինչ-ինչ կենտրոններ: Սովորական բան է դա»,- ասաց Ռայիսյանը:









































