Չորեքշաբթի, հունվարի 31-ին, Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է բազմաթիվ գաղտնի փաստաթղթերի կորելու փաստի առթիվ հետաքննություն սկսելու մասին։ Ինչպես հաղորդում է Associated Press–ը, այս փաստաթղթերը հայտնաբերվել են երկու պահարաններում, որոնք Կանբերիի բնակիչը զեղչով գնել է մայրաքաղաքի կահույքի խանութներից մեկում։
Զեղչերը երկու պատճառով էին տրամադրվել։ Առաջինը, որ պահարանները օգտագործված էին, և երկրորդը՝ նրանք բանալիով փակ էին և ոչ ոք չէր կարողանում բացել։ Նոր տերը առանց չարչարվելու պարզապես գայլիկոնով կտրեց կողպեքի հատվածը։ Ներսում նա հայտնաբերել է փաստաթղթերով թղթապանակներ, ընդ որում մեծ մասի վրա դրանց գաղտնիության տարբեր աստիճանի նշումներ էին արված՝ «ծառայողական օգտագործման համար»–ից մինչև «Հույժ գաղտնի»։

Տղամարդը փաստաթղթերը հանձնել է ավստրալիական ABC հեռուստաընկերությանը։ Լրագրողները գործի են անցել և մի քանի թողարկում պատրաստել, որոնք էլ ստիպել են կառավարությանը հետաքննություն սկսել։
Փաստաթղթերը վերջին տաս տարվան են վերաբերում։
Պահարաններում գտնված փաստաթղթերը արդեն հեղինակազրկել են նախկին չորս վարչապետերին, ներառյալ Թոնի Էբոտին, ով լքեց պաշտոնը 2015-ին։
Փաստաթղթերում նաև նկարագրվում են հետախուզական և հակաահաբեկչական օպերացիաները, տեղեկություններ են բերվում Աֆղանստանում ռազմական գործողությունների վերաբերյալ և այլն։ Իշխանությունները պնդում են, որ այնուամենայնիվ, ազգային անվտանգությանը վնաս չի հասցվել։











































